Սփյուռքը բազմամշակութային երևույթ է, սփյուռքյան գոյավիճակը՝ այլ ինքնությունների հետ հարաբերություն։ Թարգմանության դեպքում էլ մեկ լեզուն և մշակույթը բացվում և հարաբերվում են մեկ այլ լեզվի և մշակույթի հետ։
Հայկական սփյուռքում մեր ինքնությունը, մշակույթը և հատկապես լեզուն բավականին ուժեղ ճնշումների են ենթարկվել։ Այս ճնշումներին դիմակայելու մեջ կարևոր նշանակություն ունի նաև թարգմանչությունը։ Սփյուռքում թարգմանության մի քանի ուղղություններ կան՝ արևելահայերենից արևմտահայերեն, արևմտահայերենից օտար լեզուներ և այլն։
Այժմ Թալին Ոսկերիչեանն ու իր գործընկեր Քրիստոֆեր Միլիսը ծավալուն թարգմանչական գործունեություն են ծավալում արևմտահայերենից դեպի անգլերեն։ Ներկայումս նրանք թարգմանում են Գրիգոր Պըլտեանի ստեղծագործությունները։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Կարէն Ջալլաթեանը և թարգմանիչ, դասախոս Թալին Ոսկերիչեանը խոսում են Սփյուռքում թարգմանչության և հատկապես Գրիգոր Պըլտեանի աշխատանքները թարգմանելու մասին։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։