Պանդեմիայի մասին շատ վեպեր են գրվել, սակայն երեք տարբեր գրական ուղղությունների` մոդեռնիզմ կամ էքզիստենցիալիզմ, մոգական ռեալիզմ և պոստմոդեռնիզմ, հարող ստեղծագործությունների վերլուծությունը հստակ ցույց է տալիս, թե որքան տարբեր ձևով կարող է ներկայացվել և մեկնաբանվել պանդեմիայի կամ ժանտախտի դիսկուրսը և մասնավորապես` պանդեմիայի և սիրո հարաբերակցությունը:
1. Մոդեռնիզմ` Ալբեր Քամյուի «Ժանտախտ»
Քամյուն հրաշալի կերպով տալիս է իրական ժանտախտի բժշկական, սանէպիդեմ պատկերը` լոքդաուն, փակ դարպասներով քաղաքներ, դիմակներ, միստիկ տեսքով պաշտպանիչ հագուստներ: Պանդեմիայի ընթացքում փաստական միջավայրը գրականության մեջ չի փոխվում: Իսկ հոգեկերտվածքը փոխվում է` կախված ժամանակաշրջանից և գրողի հայացքներից: Էքզիստենցիալիստ և աթեիստ Քամյուն ժանտախտը չէր դիտարկում իբրև աստվածային պատիժ: Եթե միջնադարում մարդիկ ունեին անմահության տեսլական և ժանտախտի ժամանակ աղոթում էին հոգևոր հարության համար, ապա Քամյուի իրականության մեջ մարդը չունի անմահության որևէ շանս, բայց ունի պատասխանատվություն սեփական որոշումների և կյանքի համար: Այստեղ ժանտախտի դեմ պայքարի հիմնական գործիքը սերն է մարդկության նկատմամբ և պատասխանատվության զգացումը` առանց պաթոսի:
2. Մոգական ռեալիզմ` Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ» («Սերը խոլերայի ժամանակ»)
Մարկեսի վեպում ժանտախտը երկրորդական է. այն գոյություն ունի, մարդիկ մահանում են, բժիշկը պայքարում է, բայց դա զրոյացվում է մի կնոջ և երկու տղամարդու սիրային եռանկյունու մեջ: Մարկեսյան աշխարհում սերը և կրոնական պասիոնարությունը միավորված են, սերը շատ ավելի մարմնական է, քան հոգևոր: Մոգական ռեալիզմի դեպքում դժվար է նույնիսկ հստակ ասել՝ ժանտախտ կա՞, թե՞ չկա, չնայած նրան, որ սանէպիդեմիկ առումով հստակ տարորոշված է. բերել են առնետները: Սակայն միստիկ է երկու տարեց մարդկանց սերը, որոնք որոշում են նստել նավ և չիջնել այդ ժանտախտի միջով լողացող նավից։
3. Պոստմոդեռնիզմ` Ժոզե Սարամագոյի «Կուրություն»
Պոստմոդեռնիստական տիրույթը կազմաքանդում է, դեկոնստրուկցիայի է ենթարկում բոլոր կայուն համակարգերը, ներառյալ` ժանտախտի և բնության բախման արքետիպը: Սարամագոյի վեպում պանդեմիա է` առանց բնության հետ բախման. մարդիկ անսպասելիորեն կուրանում են: Պոստմոդեռնիզմի ժամանակ սերը մի բան է, որը պետք է բռնել, հասկանալ: Բացարձակ կուրացած մարդը, որն ընդհանրապես չի տեսնում, չի ընկալում շրջապատը և ի զորու չի գործողություններ ձեռարկել, ստիպված է հասկանալ, որ սիրում է: Եթե էքզիստենցիալիզմի դեպքում բժիշկը գործը վերցնում է իր ձեռքը մինչև մահ, ապա այստեղ բժիշկը կորցնում է բժիշկ լինելու իր կարողությունը մինչև մահ: Պոստմոդեռնում ժանտախտի դերը սպորադիկ է, պատահական, ինչպես ծնվում է, այնպես էլ մարում է, ու շատ փխրուն է կույր և ոչ կույր լինելու միջև սահմանագիծը։