Պանդեմիաները, բացի մահվման ելքով զգալի կորուստներից, նաև մի շարք անձնական ու հասարակական տրավմաների պատճառ են հանդիսանում: Երկար ժամանակ փակված լինելու արդյունքում` մարդիկ նաև հաղորդակցման խնդիրներ են ձեռք բերում, կորցնում են աշխատելու, այլ մարդկանց հետ շփվելու ցանկությունը: Իսկ այն մարդիկ, որոնք համավարակի պատճառով կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, սկսում են վախենալ հիվանդությունից: Վախն աղետի հիմնական կենտրոնն է:
14-րդ դարի ժանտախտի ընթացքում մարդիկ չէին վախենում հիվանդությունից, որովհետև այն որպես Աստծո պատիժ էին ընկալում, չէին խորանում հիվանդության զարգացման մեջ ու ուղղակի ցանկանում էին հանգիստ մահանալ: Եթե այժմ բժիշկները, գիտնականները կարողանում են բացատրել հիվանդության ընթացքը և տալիս են օգնող գործիքակազմ, ապա այն ժամանակ մարդիկ պաշտպանության միջոցներ չունեին:
Ինչպես ասում էր Կամյուն` «Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, այն մնում է անկողիններում, գզրոցներում, նկուղներում, թաշկինակների մեջ: Եվ գալիս է մի օր, երբ հիվանդությունը որոշում է իր առնետներին ուղարկել երջանիկ երկրում սատկելու»: