Play Video
Բացահայտումներ #6. 2000-ների բանաստեղծական սերունդ | Վահրամ Մարտիրոսյան

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Թենի Արլէնինն է։ Ես սովորաբար նախօրոք չեմ պատմում հեղինակի մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին հայտնի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։ Բայց սփյուռքահայ բանաստեղծուհին մահացել է 25 տարեկանում, և երբ ես կարդացի իր գործերը, արդեն գիտեի դա, ինչն իր ազդեցությունն է թողել բանաստեղծության իմ ընկալման վրա։ Իմ և ընթերցողի միջև հավասար պայմաններ ապահովելու համար որոշ համառոտ տեղեկություններ էլ տամ Թենիի մասին, որ քաղել եմ Բեյրութի «Բագին» ամսագրից, Թենիի՝ այստեղ լույս տեսած շարքի առաջաբանից, որը գրել է նրա գրականության դասախոս Յակոբ Կիւլլիւճեանը:

Թենին միայն հոր կողմից է հայ։ Մեծացել է հայկական միջավայրից հեռու, ԱՄՆ-ի Սան Լուիս Օբիսփո քաղաքում։ Միայն 20 տարեկանում է, որ ձեռնամուխ է եղել արևմտահայերեն սովորելուն՝ Լոս Անջելեսի համալսարանում, մեկուկես-երկու տարի անց՝ սկսել բանաստեղծություններ գրել։ Հռչակավոր Մայքլ Առլենի գրական գերդաստանի հետ կապ չունի, Թենիի պապի ազգանունը Առաքելյան է եղել, դարձրել է Արլէն։ Թենին աստվածաբանություն է ուսումնասիրել Ինդիանայի նահանգի Նոդր Դամ դյու Լյուկ կաթոլիկական համալսարանում, բայց, ի վերջո, մկրտվել Հայ եկեղեցում՝ ընտրելով Սողովմե անունը, որ Հայաստանում օգտագործում ենք Սալոմե ձևով։ Այսինքն, ընդամենը մի քանի տարվա ընթացքում նա որոշակիացրել է իր լեզվական, ազգային և կրոնական ինքնությունը։ Սողովմեն ծնվել է 1991 թվականին և մահացել ավտովթարից 2015 թվականին։

Տեղատուութիւն եւ մակընթացութիւն

Կրնամ խօսիլ բառերով որոնք իմաստ ունին։ Երբ մանուկ էի, «ես քեզի կը սիրեմ», «յոգնած եմ», «անօթի եմ», միայն մէկ բան կը նշանակէին։ Բառերը բառեր եղող բառեր էին բառեր էին։

Բայց կեանքը կը շարունակվի եւ հիմա երկու աշխարհի միջեւ կը գտնուիմ։ Կեանքիս տեղատուութիւնը եւ մակընթացութիւնը յոյս եւ մահ կու տան։ Ընկերնե՜ր, մեկուսի պատուհա՜նը… աղմկոտ ճաշկերոյթնե՜րը, լուսի՜նը… խօսակցութիւննե՜րը, թեյամանին շոգին։

Ինչ որ ստեղծեմ, այն եմ ես։ Սակայն բառերով չեմ կրնար ստեղծել։ Ինչպե՞ս ստեղծեմ կոտրածը։ Երբ «վարդ մը» կþըլլայ «վարդ մը վարդ մը վարդ մըն է որ վարդ մըն է» կþըլլայ «վարդ մը est une rose is a rose»։ Կեանքիս տեղատուութիւնն եւ մակընթացութիւնը ստեղծող մը կը ստեղծեն եւ ստեղծագործութեան գործիքները կը ծամածռեն։

Եւ դուն։ Դուն դուն ես, ես ես եմ, եւ anyway that a word is spoken a word is written a word is expressed, la création reste déformée, arbitraire, որովհետև դուն դուն ես եւ ես ես եմ, եւ մեր աշխարհները կոտրած են։

Դիտեք նաև՝

Search