Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Անահիտ Սահակյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

մի քիչ նստեմ հանգստանամ
էս տունն ինչքան մաքրես կմաքրվի,
ոտքերս եռում են,
կգա՞ս մտիս
մուտքն ազատ ա,
արի նստի կողքս,
հիշու՞մ ես՝ ասում էիր տեղդ չես գտնում, տուն չունես,
քեզ ոչ մեկը չի հասկանում…
հանանա՜, նանանա՜,
ջահել ջահել խելքս տվածդ բորբոսնած հացի հետ կերա,
տեղս կիսեցի հետդ,
լավ էր, գրկվում տեղավորվում էինք,
հետո բայց նեղվեցիր փախար
հիմա լեն բոլ փռվում եմ,
բայց մի տեսակ պահի տակ ցուրտ ա մտնում կողիցս ներս
արի մի քիչ գրկենք իրար
լուռ լուռ լուռ
քրքրված սրտերը շոյենք
իրար
ո՞նց ես, պատմի մի քիչ,
ինչպես միշտ
ինքնավստահ տեսք ունես
բայց փոխարենը էնքան հուսահատ ու խելապատառ ես գրկում, որ
էլ չեմ նեղվում,
այնուամենայնիվ,
որ խնդրեմ՝ էն վախտվա պես
ձախ այտիս մի հատ կչռփե՞ս,
աաախ, ինչ լավ ա,
որ վերջապես
համբուրեցիր
հոգնած եմ, չգիտեմ ոնց պատմեմ, ու՞մ պատմեմ, ի՞նչ բառերով պատմեմ,
մնացել ես դու, համբերի համբուրել,
թող խոսամ, ասեմ, լացեմ,
չես տեսնու՞մ
խեղճացել
փոքրացել եմ,
մի խնդա, չաղ չեմ,
ես հայ լինելԸ նկատի ունեմ,
հեշտ բան չի, գիտես,
ինձանից հայ ես,
Րաֆֆի ես կարդացել
տուն հավաքելու պես
անվերջ բան ա,
մաքրի, մաքրի, մաքրի,
թքոտի, պլպլացրու,
ժամերով նայի
էս մի բանին, էն մի բանին ու
կարոտից բարակի բարակի
սխմվի սխմվի
կետ դառի
խառնվի փոշուն
գործդ թողած
պրծում չկա,
էս նախաքաոսյան անճարությունից,
ես էլ նենց ոչինչ
թափթփված եմ,
բայց ուշքս գնում ա
որ պատկերացնում եմ ամեն ինչ խելքի եմ բերում
ու հայ հայ
կոֆես վայելում
տեսնես կգա՞ տենց օր,
ոտնաթաթերս եռում են,
յութուբով վանոն
մեռնելուց տարիներ առաջ
ճիշտ բաներ ա ասում՝
եսիմ ինչ եսիմ ինչ
մենք սենցն ենք, նենցն ենք,
դրա համար ես հեռացա՝
ինչ ուզում եք արեք,
ձեր էշ խելքի տերը,
99 տոկոս ճշգրիտ կանխատեսում
տիեզերք մեկնելու
լաբորատոր փորձարկումներ
գիտե՞ս, էրեկ էնքան մունաթ էկա հարևանի վրա, որ ինձ համար անսպասելի ցանկություն ունեցա
էս տունն էլ ծախեմ ստեղից ռադս քաշեմ գնամ,
հա ի՞նչ,
հո հարևանին չեմ սպանի
ինքն էլ իր ռաբիզը հո չի անջատի,
հա լավ, համոզեցիր,
որ մի հատ էլ սեղմես կրծքիդ, կարող ա ոգևորվեմ,
խուլ ու կույր դառնամ,
չլսեմ ու չտեսնեմ
ոչ իրան, ոչ էլ իրա
ծակ ճաշակը
թող հելնի նստի գլխիս
վրա միանգամից
գետինը մտնեմ պրծնեմ
լավ դե, ջրիկացա,
հելնեմ
միջանցքն
ավլեմ

Դիտեք նաև՝

Search