Play Video

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Անի Հակոբջանյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

***
երեկ ես տեսա քո կնոջը
ոչինչ չունեմ ասելու
նրա մասին

քո կինը ինձ տեսավ
խմելիս
ծխելիս
ու մի թեթև ժպտալիս

ես ձևացրի թե երջանիկ եմ
որ կամ
ես ձևացրի թե գոհ եմ
իմ նստած նեղից
ես ձևացրի թե միայնակ անգամ
կյանքը հրաշալի է թվում ինձ

բայց երբ եկար հանկարծ
և չոքեցիր դեմ դիմաց կնոջդ ոտքերի
ինչ-որ բան սրտումս մղկտաց
ու մի բան հանկարծ
ջարդվեց
երևի

ես լաց եղա
որ կամ
ես լաց եղա
նստած տեղիս համար
ես լաց եղա
մեն-մենակ լինելուս համար

ես լաց եղա աչքերիս համար
որ տեսան պատկերը դժոխքի
ես լաց եղա ականջներիս համար
որ լսեցին ձայները երկու սրտերի
ես լաց եղա ձեռքերիս համար
որ երբևէ դիպչել են քո շրթունքներին

ես լաց եղա ինձ համար
քո երջանկության համար
իմ ցավի համար
իմ հիմար ուղեղի համար
քեզ ատելուս համար
և ամենաշատը նրա
որ վաղը երբ մենակ մնաս
ես կթողնեմ բոլոր ինձ մխիթարողներին
և կշտապեմ պատառոտված ձեռքերով
մաքրելու թացը աչքերիդ

ես լաց եղա իմ չեղած
ինքնասիրության
հպարտության
եսասիրության
վճռականության
համար

ես լաց եղա որ մի օր
կմեռնեմ առանց որևէ լուրջ պատճառի
ես լաց եղա քո անարժան
և իմ տհաս լինելու համար
ես լաց եղա որովհետև
ոչինչ չէր մնում այլևս անելու

հիմա ես գրում եմ
որովհետև լացը վերջացել է
որովհետև ջրերը ցամաքել են
որովհետև ոչինչ չի մնացել
այլևս անելու

երեկ ես տեսա քո կնոջը
նա ինձ հայհոյեց վերջում
դու ոչինչ չունեիր անելու
քան լինել նրա կողքին
և հայհոյանքի հետ ձուլված
ցավով ընկնել այս չեղած սրտին

երեկ ես լաց եղա
այսօր գրում եմ
վաղը կթքեմ ձեր գերեզմաններին
որովհետև
երբ աչքերը չափից դուրս շատ են լցվում
արցունքները մի օր թքի տեսքով են դուրս ընկնում

Դիտեք նաև՝

Search