Play Video
Բացահայտումներ #12. 2000-ների բանաստեղծական սերունդ | Գեմաֆին Գասպարյան

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Գեմաֆին Գասպարյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

Ջաբրաիլ

Լինել ավելին քան կաս
և արժան լինել ինքդ քեզ:

անձնագիրդ մեկում,
զինգրքույկը մյուսում,
նույնականացման քարտդ
ծոցագրպանում,
որ ճանաչել լինի
ու չմնաս մասամբ կամ մեծ մասամբ
վարազներին:

Լինել ավելին քան կաս
և արժան լինել ինքդ քեզ:

ու մրջյունը գրկած մի բեռ տերև
ու սրտաձև տերև
ու կարմիր բլոճը սև խաչ մեջքին
ու ճաք հողը հոսող, փշուր փշուր,
որ գմփունը ալիք քեզ խուլ թվա,
որ չտեսնես արկի վառվող
քառատումը:

Լինել ավելին քան կաս
և արժան լինես ինքդ քեզ:

ցողված փոսը սարսուռ,
ատամներդ դղորդ,
թոքերդ ջրակալ ծափ են տալիս,
ու քունդ ակնթարթ,
աչքերդ է շոյում տղաներիդ վազքով,
որ ժպիտդ մնա,
կրակելիս մնա,
ու չդառնաս գազան,
ո՛չ, չդառնաս գազան`
ես ձեր տիրումերը:

17.10.2020

Դիտեք նաև՝

Search