«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունը Վիոլետ Գրիգորյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։
Գարուն
Այս կապույտ գմբեթի ներքո,
այս չալպուտուրիկ, խլվլան աշխարհում,
երբ արևի ճառագայթները շրխկալով թափվում են վրաս,
և գույնզգույն փուչիկներ կան ձեռքիս,
երբ շրխկում են վզիցս առկախ ուլունքներն ապակե,
և զրնգուն ականջօղեր կան ականջներիս,
երբ փռփռում է մազերիս կապված կարմիր ժապավենը,
և պլպլան մատանի կա մատնեմատիս,
երբ եռամսյակի բաժին լացս ամսագլխին լացել-պրծել եմ,
և աչքերս համարյա կապույտ են,
երբ բերանիցս մարգարիտներ են թափվում խոսելիս,
և ոտնահետքերիցս բուսնում են ծաղիկներ,
երբ հանդիպող բոլոր աղջիկները 17 տարեկան են,
և բոլոր տղաները` թագավորի երրորդ լավագույն
որդին,
երբ պոտենցիալ արքայադուստր է կռկռացող ամեն մի գորտ,
և ինչ մազ էլ վառես, կհայտնվի նա,
որին փնտրել ես ողջ կյանքում,
երբ ափդ թե քսես այս աղբարկղին,
կհայտնվի կամակատար ջինը,
իսկ թե ավտոբուսդ ուշանա,
հրեղեն նժույգի կվերածվի աղբարկղը պեղող առնետը,
երբ ես սատանայից տարբերվում եմ միայն նրանով,
որ հրեշտակ եմ,
և հրեշտակից էլ տարբերվում եմ նրանով, որ հրեշտակապետ եմ,
այսքանից հետո ինչ է մնում ինձ անել,
եթե ոչ` տռճիկ տալ ու երգել հանկարծակի անձրևի տակ,
ինչպես դեռահաս մի քուռակ,
քանի դեռ պոտենցիալ արքայադուստր է ամեն մի գորտ,
քանի դեռ բոլոր աղջիկները 17 տարեկան են,
քանի դեռ բերանիցս մարգարիտներ են թափվում,
քանի դեռ աչքերս կապույտ են,
քանի դեռ առջևում երկու չորային անարցունք ամիս կա,
քանի դեռ պլպլում է մատանիս,
քանի դեռ զրնգում են ականջօղերս,
քանի դեռ շրխկում են ուլունքներս,
քանի դեռ չեն պայթել ձեռքիս փուչիկները գույնզգույն,
քանի դեռ շրխկում են արևի ճառագայթները,
և քանի դեռ այս կապույտ գմբեթի ներքո,
այս չալպուտուրիկ աշխարհում
խլվլում եմ ես, ինչպես շարքային մի քուռակ
կամ հրեշտակապետ: