«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունը Վազրիկ Բազիլինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։
ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԿՆՔԻ ՈՒ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՒ
Վերջապէս տագնապը եկաւ։
Անկումը կանխատեսող ու հրահրող թղթակիցները՝
Արարչագործութեան շարունակութեան երաշխաւորողները
ընդօրինակեցին համակարգիչում
ամբարուած տագնապների տարատեսակները
եւ տոգորեցին կարելի ուրիշ աշխարհների երազը։
Սրանից էլ ձանձրանալով սկսեցին ընդօրինակել
Ներսէս Մոկացու արձանագրած երկնքի ու երկրի վիճաբանութիւնը,
որը յարատեւ դարձել է անլսելի,
նոյնիսկ երբ իսլամական գլխակապիկ
կրելու իրաւունքը ստանալու համար փաստաբանուհին
դիմում է գերմանական սահմանադրական ատեանին։
«Մենք կեդրոնում ենք՝ հաւասար հեռաւորութեամբ»,
յայտարարում է դատախազը։
«Ապա ցածացաւ երկինքն ու գլուխ եդիր ի գետնի»՝
արգանդ ու գերեզման։
Եւ թղթակիցները Մոկացուն հարցնում են,
թէ ինք ինչ է մտածում դատաստանի հետեւանքների մասին։