Play Video

«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Վահագն Աթաբեկյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

Գերեզմանի խորքից՝ երեք քայլ ձախ
Կամ՝ ենթակայականի խերը

Ես խմող եմ։
Կա՛ն այդպիսիք։
Կան նաեւ ա՛յլ պիսիք,
օրինակ՝ ուտող-խմողներ։
Ես ուտող-խմող չեմ, այլ՝ խմող.
մեր ժամանակների, գուցեեւ, ամենամեծ խմողը։

Ուտող-խմողներից զատ կան է՛լ ավելի այլոք՝
Ուտող-ուրացողներ։
Ուտող-ուրացողներ, եւ ապա՝ զույգ աչքերով կուրացողներ։

Կան, այնուհետեւ, անող-դնողներ,
ասող-խոսողներ,
էփող-թափողներ,
քցող-բռնողներ,
ինչպես առանձին քցողներ,
այնպես էլ՝ առանձնահատուկ բռնողներ,
որ շարունակ խաղում են բռնոցի։
բռնոցի -պպզոցի,
քցոցի-պպզոցի,
բայց քցողների կողքին կան նաեւ ստացողներ,
որ կասկածող են ման գալիս
եւ գտնում գործտվողներ կամ պարզապես տվողներ,
անցնող-դարձողներ կամ պարզապես գնացող-եկողներ,
ֆռռացող-ֆռֆռացողներ կամ ֆռռալուց սարվատ եղածներ,
տանող-բերողներ եւ այլ զարմանազան չբերներ։

Այս ամենից անկախ՝ կան հերձվածողներ,
որոնք, կարելի է ասել, մեծամասնություն են կազմում, հաճախ՝ որակյալ,
եւ երբեմն անգամ ձեւավորում կառավարություն։

Իսկ ես, ահավասիկ, խմող եմ`
մեր ժամանակների, թերեւս, ամենամեծ խմողը,
եւ պարբերաբար,
նահանջ տարին մեկ անգամ,
ընտրությունից ընտրություն,
ուզում եմ մեռնեմ-պրծնեմ ձեզանից։

Դիտեք նաև՝

Search