Play Video

«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Տիգրան Պասկևիչյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամներին

Նորից բանտերը լցվել են լույսով,
նորից լույսերը մարում են դրսում:
Օրերն անցնում են ապահով ու գոհ
վերջին զեկուցման մտրակի ներքո:
Նորից մենք լավն ենք ու աշխատասեր,
նորից մենք – առողջ, խիզախ, կորովի,
թեև խավարն է հայրենիքը մեր
և բռնությունը – դիմակը գոյի:
Նորից խոստումներ մի կտոր հացի
և թողտվություն սերնդատվության:
Ասում են՝ իբր մեզանից բացի
կան կույրեր – երբեք լույսը չտեսած:

Երանի նրանց, զի կույր են մորից
ու հավատում են լույսին մշտագոհ:
Դրսում մարում են լույսերը նորից,
նորից բանտերը լցվել են լույսով:

Դիտեք նաև՝

Search