«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունները Սիփան Շիրազինն ու Խաչիկ Տէր-Ղուկասեանինն են։ Առանց նախօրոք հեղինակների մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։
Սիփան Շիրազ
ՄԻՆՈՐ, ՄԻՆՈՐ
Սրանք բոլորը դատարկ թղթեր են:
Ուզո՞ւմ ես, պատմեմ քեզ իմ մասին: Այսպես ուրեմն.
Առավոտ է … Մեռելներն արթնացել են, իսկ ապրողները քնած են դեռ:
Երևան: Կինո Մոսկվա: Առավոտ կանուխ: Սրտխառնոց։
Գլխացավ – գլխապտույտ: Երեկ մահացած սեր։
Լուսինե՛:
Հիսուն գրամ օղի – պարտքո՛վ իհարկե։
Հիսուն գրամ արցունք – պարտքո՛վ իհարկե:
Հիսուն գրամ ոչնչություն – իհարկե՛։
Օրը մթնում է սրճարանում:
Ես վախենում եմ իմ ստվերից:
Սրանք բոլորը վերնագրեր են։ Ափսոս ընթերցողը մեռած է։
Խաչիկ Տէր-Ղուկասեան
* * *
Օր մը եւս իր աւարտին կը հասնի.
աղբաման թափէ՛, թող երթայ։
Վերջին սիկարէթը տուն մտնելէ առաջ.
ծուխով կը լեցնես շնչելէ թունաւորուած թոքերդ,
դեռ վառ սիկարէթը գետին կը նետես,
կը ճզմես ոտքիդ տակ, ծուխը կ՚արտաշնչես,
դուռը կը փակուի,
տունէն ներս ես արդէն։
Հեռուստատեսիլ
– անիմաստ սովորութիւն մը ամէն գիշեր –,
ուիսքի, քանի դեռ կ՚աշխատիս և կը վճարուիս։
Կը միզես։
Անկողինը, անշուշտ, չէ շտկուած դեռ երբուընէ չես յիշեր։
Ծուխին համը բերանդ է,
ծանօթ սիրտխառնուք եւ թեթեւ գլխապտոյտ.
կեանքի նողկանքը։
Կը փորձես, ինչպէս ամէն գիշեր, քնանալ։