Play Video

«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Սերգեյ Վարոսյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

* * *
Տխուր քաղաք է Գյումրին,
Եվ այս բանաստեղծությունը
Տխուր է ստացվելու հաստատ:

Մի քիչ բողոք կլինի բողոքի գրքից
Այս տողերի մեջ,
Բայց արտասուք չի լինի, քանի որ արտասուքը
Թույլերին է տրված,
Սոված մարդու հայացք կլինի ուղղված
Առվի մեջ խայտացող ձկներին` չալպուտուրիկ ու սրիկա,
Գործազուրկ մարդու հայացք կլինի
Ռիժկովի փողոցի պատուհաններից կախ
Դաշնամուրի հնչյունների հանդեպ,
Աղջիկներին ուղղված համբույր կլինի հաջորդ
Տողի մեջ,
Եվ իմ դատարկ գրպանների զնգոցից
Կհիանա կինս, հաստատ:
Երկու հարբած գյումրեցի հայհոյելով
Երկու տողի մեջ կտեղավորվեն:

Բայց ինձ, հաստատ, լավ ֆինալի համար
Մի շատ հարուստ բարերար է պետք:

Դիտեք նաև՝

Search