Play Video
Բացահայտումներ #10. 1990-ների բանաստեղծական սերունդ | Սամվել Զուլոյան

«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։

Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։

«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։

Այսօրվա բանաստեղծությունը Սամվել Զուլոյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։

ԱՆՀԱՄ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Գորշ, անարև օր է
Ու տաղտկալի այնպես,
Ոչ գնալ է լինում
Ոչ էլ մնալ:
Նա աչքերով կպչուն
Տնտղում է քեզ
Ու շշնջում բառեր`
Լիրբ, անլվա…
Ի˜նձ ինչ` անդուր օր է
Ու տտվահամ գինի,
Դու հայացքդ զուր ես
Ուսիս հառել:
Մեկ է, այսօր սա է,
Վաղը ով էլ լինի,
Հեշտ չէ ամեն մեկին մտապահել:
Թքած, թե օրը մեզ ուր կտանի,
Այս կեսօրից մինչև արևագալ,
Դու էլ անձուկի աչքն այդպես հանի,
Տասն ուզելուց լավ է մեկ անգամ տալ…
Չէ, անհաջող օր է,
Գրողը քեզ տանի,
Բայց որքան էլ ապրենք շնավայել,
Միշտ ականջն է կանչում առաջինի,
Երբ փորձում ենք վերջը մտապահել:

Դիտեք նաև՝

Search