«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունը Ներսես Աթաբեկյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պարզի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։
***
Կիրակին չեմ սիրում…
Հանգիստ:
Հագիդ ընտանի շորեր:
Ու նարդու շխկոցը բակից
Հուշում է, որ կյանքը բնավ
Արկած չէ կամ պարգև Աստծո,-
Մի բան է, որ պետք է լցնես
Թեկուզև նարդու շխկոցով
Կամ սուրճով, որ շատ է խմվում,
Կամ, դիցուք, արաղով-նույնքան:
Այսպիսով գալիս ու կրկնվում,
Քնելիս ասում ենք, դեռ կանք:
Կիրակին քո կյանքն է ամեն օր`
կարիքի կարկատանը վրան-
և´ հացի, և´ սիրո, և´ կնոջ,
և´ խանդի, և´ ցավի, առանց
երկնքի, որ աստղ է երկնագույն,
և առանց երկնքի, որ առաջ
թվում էր ցնդելու՜ մի անկում:
Քեզ նորից մաս-մաս են հավաքում
Մատները ապարդյուն ժամերի.
Խոհանոց, տնակյաց հավաքույթ
Ու հոտը լվացք-ժավելի:
Կիրակին մտնում է անարգել,-
Դու փակի՜ր պատուհան ու դուռ,-
Անթարթ են աչքերը անագե
Հարկը տու´ր:
Եվ այսպես` քառասուն տարի,
Ստույգը` համարյա քառասուն.
Էն ո´վ էր պայծառ ու կատաղի,
Էն ու´մ էր երկինքը սպասում:
Ախ, ինչպես ավազե անապատ,
Կամ ինչպես ավազի ժամացույց`
Կիրակին քեզ շրջում է, ապա
Կիրակի օրերին մատուցում…