«Բացահայտումներ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Նոր եթերաշրջանը նվիրված է 1990-ների բանաստեղծական սերնդին։ Ինչո՞ւ՝ 1990-ականներ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ 1990-ականներին ասպարեզ իջած գրական սերունդն արդեն 40-60 տարեկան է։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա, պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ՝ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունը Արա Արթյանինն է։
Սովորաբար հեղինակին նախօրոք չեմ ներկայացնում, քանի որ փորձում ենք «դանդաղ ընթերցանության» միջոցով ավելին պարզել, քան կարող է կենսագրությունը պատմել կամ նա՝ ինքը, բայց այս անգամ սկզբունքը կխախտեմ երկու պատճառով։ Նախ ընտրված բանաստեղծության առաջին իսկ տողերն էական կենսագրական տվյալ են պարունակում, ապա՝ հեղինակը ողջ չէ, նրա երկրային կյանքն արդեն ամփոփված է ծննդյան և մահվան տարեթվերի միջև։ Ավելին՝ 2022-ին նրա 70-ամյակն էր, համարյա՝ անտեսված։ Տխուր է, բայց փաստ. հեռուստալսարանի մեծամասնությունը նոր է ծանոթանալու Արա Արթյանի պոեզիային, և, հույս ունեմ, շատերի համար նա կդառնա բացահայտում։
Արա Արթյանի կենսագրությունը՝ համառոտ. ծնվել է Լենինականում, ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Դասավանդել է մերձակա գյուղերի դպրոցներում, թղթակցել է մամուլին, աշխատակցե´լ, բայց երևի ամենակարևորը՝ շուրջ հիսուն տարի եղել է Լենինականի, ապա Գյումրիի գրական կյանքի անբաժան մասը՝ դիմավորելով, իր լայնածավալ իմացությանը հաղորդակից դարձնելով, հաճախ դեպի «մեծ գրականության ասպարեզ» ճանապարհելով մի քանի սերնդի սկսնակների, որոնց թվում և՝ ինձ։
ԳՅՈՒՄՐԻ
Պտի մնամ ես գյումրեցի,
Երգե հետս Ձորի Բողազ,
Հետս երգե ֆայտոնչու ձի,
Օր կնուտի տակ չդողաս։
Հե՜յ, ֆռնչիք հետս երգեք,
Ընբես երգեք, օր քեֆս գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո՛, վո՞վ պտի վրեն սգա։
Դալլաքներդ դառան պոետ,
Դոխբազներդ՝ պրաֆեսոր,
Գյումրի՛ քաղաք, քարերուդ հետ
Թո՛ղ մենակ ես խոսիմ էսօր։
Իմ Արթեն պապ, հետս երգե՝
Էն աշխրքեն թող ձենդ գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո՛, վո՞վ պտի վրեն սգա։
Խելըռներուդ մահն էր հանաք՝
Խնդըցրին ու գնացին,
Ղասաբնե՛րդ կերթան մենակ
Սև քարերուդ հոգեհացին։
Թե մարդ եք դուք, հետս երգեք,
Զլեք զուռնեն, օր քեֆս գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո, վո՞վ պտի վրեն սգա։
Հին գյումրեցիք, թե չեք երգե,
Էն աշխըրքեն չեք կրնա գա.
Գյումրին չկա՛, տեղը մենք ենք,
Ծո՛, երգից վեր հեչ բան չկա։