Մարիա Զաքարյանը լուսանկարել սկսել է 2018 թվականից։ Սկզբնական շրջանում վավերագրում էր իրեն շրջապատող իրականությունը, հեղափոխության դեպքերը, իր ընկերներին, հետագայում սկսեց լուսանկարել միայն հատուկ նախագծերով։
Մարիան հիմնականում ժապավենով է նկարում և շեշտում, որ այդ կերպով լուսանկար ստանալու ողջ գործընթացն է ավելի հետաքրքիր իր համար։
Մարիան նշում է նաև, որ լուսանկարչությունը հարմար գործիք է մարդկանց պատմությունները և խնդիրները բարձրաձայնելու համար, և նրա ֆոտոպատումներն էլ հիմնականում այնպիսի թեմաներով են, որոնց մասին քչերն են խոսում, որոնք տաբուացված են։ Նա ունի նախագծեր դաշտանային ցիկլի, իր և իր մայրիկի հարաբերությունների մասին և այլն։
Մարիայի լուսանկարները հնարավոր է գտնել 4plus-ի, Chaikhana-ի, Caucasus edition-ի կայքերում։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Մարիան լուսանկարում է Կիլիկիա ավտոկայանը և մարդկանց ու նշում, որ ավտոկայանի տարածքը իր համար կարևոր է նախ և առաջ անձնական փորձառությունների պատճառով։ Մարիան Աբովյանից է, և ուսանողական տարիներին իր քաղաքից դեպի Երևան եկող երթուղայինի վերջին կանգառն է եղել Կիլիկիա ավտոկայանը։ Այն իր հիշողությունների մեջ երևանյան ու մարզային տրանսպորտների խնդիրների, երկար ճանապարհներ գնալու, ստրեսային պահերի և այլ զգացումների խտացումն է….
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։