Լուիզա Ասլանեանի (1906-1945) ստեղծագործություններում շատ սուր արտահայտված էին սոցիալական դերերի անկայունությունը և տարբեր դասակարգերի վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Նա բազմաշերտորեն ներկայացնում էր իր ապրած ժամանակաշրջանի հայկական իրականության սոցիալ-քաղաքական իրավիճակը՝ բարձրաձայնելով թեմաներ, որ արդիական են մինչ օրս։ Արփինե Հարոյանի, Հուրի Վարժապետեանի և Կարէն Ջալլաթեանի այս զրույցը նպատակ ունի արժևորելու Լուիզա Ասլանեանին՝ որպես սփյուռքահայ իրապաշտ (ռեալիստական) գրականության պայծառ օրինակի։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։