Կարեն Խաչատուրովի կյանքում լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն առաջացել է 2014 թվականին։ Դեռ web design – ով զբաղվող Կարենը հաճախ էր քաղաքով շրջում փողոցային լուսանկարչությամբ զբաղվող ընկերոջ հետ և հենց այդ ընթացքում էլ զգում է, որ ցանկանում է ինքն էլ զբաղվել լուսանկարչությամբ։
Կարենը սկզբում նկարում էր հնարավոր ամեն բան, հետագայում նախընտրեց լուսանկարչությունը մոդելների, կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ բնորդների հետ, իսկ փողոցային լուսանկարչությամբ հիմնականում զբաղվում է ճամփորդելիս, նոր միջավայրերում հայտնվելիս։
Կարեն Խաչատուրովը նաև վավերագրական լուսանկարչապատում հեղինակելու փորձ է ունեցել․ նկարել է իր պապիկին՝ կնոջ մահից հետո, և լուսանկարների միջոցով ցույց տվել պապիկի ապրումները։
Կարենը հիմնանակում թվային լուսանկարչությամբ է զբաղվել, երբեմն էլ աշխատել է ժապավենային տեսախցիկներով։ Այժմ նա լուսանկարչական էքսպերիմենտներ է անում մանկական խաղալիք-տեսախցիկով։
Խաչատուրովի աշխատանքները հրապարակվել են ֆրանսիական, գերմանական, պորտուգալական մի շարք հեղինակավոր ամսագրերում և ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում՝ Վրաստանում, Չինաստանում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Կարեն Խաչատուրովը նկարում է Երևանի ժամացույցի գործարանի տարածքը, որտեղ էլ գտնվում է իր արվեստանոցը։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։