Արվեստագետներ Վահե Մնացականյանն ու Հռիփսիմե Ղազանչյանն ամուսիններ են։
Հռիփսիմե Ղազանչյանի աշխատանքային նյութը կավն է։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման մարդու էությունն է, մայրության հետ կապված հարցադրումները։
Վահե Մնացականյանը հիմնականում աշխատում է փայտով։ Նա երբեմն չի կողմնորոշվում` իր աշխատանքները արհեստի՞, թե արվեստի գործեր են, բայց հակված է մտածել, որ դրանք ավելի շատ արվեստի մեջ են տեղավորվում, որովհետև ունեն սոցիալական հարցեր բարձրացնելու ուղերձ կամ արտահայտում են իր անհամաձայնությունը հասարակական ինչ-ինչ երևույթներին։
Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը: