Նիկողոս Սարաֆեանը (1902-1972) սփյուռքահայ տարագիր գոյավիճակին ընդառաջ է գնացել որպես ստեղծագործական վայրի։ Յարութիւն Քիւրքճեանի, Դավիթ Մոսինյանի և Կարէն Ջալլաթեանի այս զրույցը Սարաֆեանին արժևորում է որպես սփյուռքահայ գրականության առաջին սերնդի ամենից հասուն և հեղափոխական բանաստեղծը։ Ավելին՝ ի նկատի ունենալով գրողի բանաստեղծական արձակը և վերջերս Հայաստանում լույս տեսած վիպական ծավալների հասնող գործերը՝ զրույցը ձգտում է պատշաճորեն բնութագրել Սարաֆեանի գրական և մտավորական վաստակը։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։