Նարեկ Ալեքսանյանը ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետի մագիստրատուրան և արդեն ավելի քան 10 տարի է՝ զբաղվում է ֆոտոլրագրությամբ։ Հիմնականում նկարում է հանրահավաքներ, սոցիալական, մշակութային թեմաներով իրադարձություններ և այլն։ Այժմ նաև երկարաժամկետ ռեպորտաժների վրա է աշխատում՝ վավերագրելով հետպատերազմական իրականությունը և մարդկային պատմությունները։
Նարեկը թվային լուսանկարչությամբ է զբաղվում և երբեք չի փորձել ժապավենայինը զուգահեռել դրան՝ վերջինս համարելով լրիվ այլ աշխարհ, այլ՝ միգուցե հետաքրքիր հմտություն, որն իր համար բացահայտված չէ։ Նարեկին բավարարում է կադրը որսալու պահին թվային տեսախցիկի չխկոցը, բայց չի բացառում, որ միգուցե հետագայում ժապավենով էլ կնկարի։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկման համար Նարեկը ընտրել է Քանաքեռ թաղամասը՝ նշելով, որ հին այն թաղամասերում, որոնք մոտ են կենտրոնին՝ Կոնդ, Սարի թաղ, Նորագյուղ և այլն, և՛ հայ, և՛ անգամ օտարազգի լուսանկարիչները հաճախ են ֆոտոզբոսանքներ անում, իսկ Քանաքեռը մնացել է համեմատաբար չբացահայտված։
Փողոցային լուսանկարչի համար Նարեկը կարևորում է մարդկանց հետ ճիշտ և բաց հաղորդակցությունը․ պետք է այնպես անել, որ անծանոթ մարդիկ չվախենան և չխուսափեն լուսանկարչից։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։