Play Video
Մեր թաղը #22 Արարատ | Գրիշ Սարդարյան

Մեր թաղը հաղորդաշարի հերթական թողարկմանը այցելել ենք Արարատի մարզի համանուն համայնքը։ Գյուղի պատմության և այժմյան վիճակի մասին է պատմում արձակագիր Գրիշ Սարդարյանը։

Արարատ գյուղում կենտրոնացած են դեռևս խորհրդային շրջանից մնացած կարևոր հաստատություններ՝ մշակույթի տուն, մի շարք հուշարձաններ և պետական այլ կառույցներ։ Գյուղում ակտիվ երթևեկություն և շարժ կա, որովհետև այն Հայաստանի ամենախիտ բնակեցված գյուղական համայնքներից է՝ ավելի քան 10 000 բնակչությամբ։

Համայնքն ընդունված է նաև անվանել Դավալու, սակայն դա միակ այլընտրանքային անվանումը չէ։ Ավանդությունը պատմում է, որ Օհան անունով մի մարդ Մակու քաղաքից եկել և հաստատվել է այս տարածքում՝ հետագայում իր շուրջը ստեղծելով համայնք, որը կոչվել է Օհանաշեն, Օհանավան։ Գյուղը անվանվել է նաև Մարտակերտ, որովհետև այս տեղանքում նախորդ դարասկզբին տարբեր մարտեր ու կռիվներ են եղել։ Տարբեր առիթներով նաև հայտնի զորավարներ են եղել այս գյուղում, ինչպիսիք են Զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլք։

Արարատի մասին համապարփակ տեղեկատվություն կարելի է ստանալ գյուղի բնակիչներից մեկի՝ Ալբերտ Խաչատրյանի «Արարատ» գրքից, որտեղ խոսվում է գյուղի պատմությունից, տարբեր տոհմերից և այլն։ Անգամ մարդահամարի կարևոր ու ամբողջական տվյալներ կան այդ գրքում։

Արձակագիր Գրիշ Սարդարյանը, խոսելով հայրենի գյուղի պատմության ու նիստուկացի մասին, նշում է, որ իր գտած ամենահին հիշատակությունը այս տեղանքի մասին 1801 թվականին ռուսական դիվանագիտական առաքելության թողած հուշագրությունն է եղել։ Դավալուում (Արարատ) երկու անգամ եղել է նաև ռուս հայտնի արձակագիր Ալեքսանդր Գրիբոյեդովը և ունի երկու գրառում գյուղի վերաբերյալ։ Այս գյուղի մասին իր «Ճանապարհորդություն դեպի Ագուլիս» աշխատության մեջ հիշատակություն է թողել նաև Րաֆֆին՝ նշելով, որ այստեղ ապրել են հայեր և քրդեր և որ հայերը խիզախ մարտիկներ էին։ Գեղարվեստական գրականության մեջ էլ կան հետաքրքիր հիշատակումներ, մասնավորապես Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» գրքում ևս խոսվում է այս գյուղի մասին։

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search