«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարի վերջին թողարկումը նվիրված է արևելահայերենի և արևմտահայերենի առնչակցություններին։
2022 թվականին լույս տեսան Անահիտ Ղազարյանի և Առաքել Մարկոսեանի «Սահմանախաղ(խտ)» և Գայանե Աղաբալյանի ու Էլմիրա Այվազյանի «Զարմանահրաշ հայ կանայք» գրքերը։
Առաջին գիրքը ներկայացնում էր երկու հեղինակները զրույցները` համապատասխանաբար արևելահայերենով և արևմտահայերենով։ Գրքում ոչ միայն երկու հերոսներն են զրուցում, այլև հայերենի երկու տարբերակներն են միմյանց հետ զրույցի մեջ։
«Զարմանահրաշ հայ կանայք» գիրքն էլ լույս տեսավ միաժամանակ արևելահայերենով, արևմտահայերենով և անգլերենով. ևս մեկ փորձ արևմտահայերենով ժամանակակից ստեղծագործություն հրատարակելու։
Ինչո՞ւ է կարևոր խոսել, գրել և ստեղծագործել արևմտահայերենով, ի՞նչ գործունեություն են ծավալում տարբեր հրատարակչություններն ու անհատները հայկական սփյուռքում արևմտահայերենը կենսունակ պահելու համար, այս և այլ հարցեր են քննարկում Կարէն Ջալլաթեանը, Լիլիթ Ղազարյանը և Թամար Պոյաճեանը։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։