🔹Ի՞նչն է առավելապես գրավիչ դարձնում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը ընթերցողի համար՝ լեզո՞ւն, պատկերնե՞րը, պատմությո՞ւնը, թե՞ տարածքը, որի մասին գրվել է վեպը։
🔹Արդյո՞ք նորարարական է վեպի լեզուն, ինչո՞վ էր առանձնահատուկ ժամանակի գեղարվեստական արևելահայերենն առհասարակ։
🔹Ի՞նչ զուգահեռներ կան «Երևան» վեպի և Կաֆկայի «Դատավարության» միջև։
🔹Ինչո՞ւ է Նաիրի Զարյանը քննադատության արժանացրել այս վեպը։
🔹Արդյո՞ք Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը տեղավորվում է գրական-գեղարվեստական որևէ կոնկրետ ուղղության մեջ։
🔹Ինչպիսի՞ն է Մկրտիչ Արմենի վերաբերմունքը Արևելքի և Արևմուտքի վերաբերյալ։
🔹Ինչպիսի՞ն է Երևանի «կերպարը» Մկրտիչ Արմենի վեպում, և ի՞նչ տարբերություններ կան այս և Երևանի առասպելական «կերպարի» միջև։
🔹Որքանո՞վ էր վեպը հակախորհրդային, և ինչո՞ւ է արգելված եղել։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
«Երևան․ Մկրտիչ Արմեն» հաղորդաշարն անդրադառնում է դեռևս 1930-ականներին հրատարակված և հետագայում արգելված համանուն գրական ստեղծագործությանը՝ ամենատարբեր դիտանկյուններից՝ մշակութաբանական, ճարտարապետական, պատմական, գրականագիտական և այլն։ Հաղորդաշարի մասնակիցները գրականագետ Թագուհի Ղազարյանի հետ միասին փորձում են քննական վերլուծությամբ թափանցել «Երևան» վեպի գրական տարածություն, բացահայտել նախորդ դարասկզբի Երևանի իրական կյանքն ու շունչը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի գեղարվեստական նորարարական միտումներ էին ձևավորվել 1920-ականների Հայաստանում, որոնք հետագայում կասեցվեցին քաղաքական բռնաճնշումների արդյունքում։