Չնայած ժամանակակից արվեստագետ Անի Քանանյանի ստեղծագործելու հիմնական նյութը կավն է, սակայն նա հաճախ էքսպերիմենտներ է անում` կավը համադրելով այլ նյութերի հետ։
Անին հստակ տարանջատում է իր կիրառական և կոմերցիոն աշխատանքները ստեղծագործականից, երբ կարևոր չէ, թե ինչ նյութով ես աշխատում, այլ կարևոր է, թե ինչ ես ստեղծում։
Քանի որ կավը մինչև աշխատանքը սկսելը նախապատրաստման, մշակման կարիք ունի, առնվազն տեխնիկապես Անին նախապես պատկերացում ունենում է, թե ինչ է ստեղծելու, իսկ գաղափարական հենքը` կոնցեպտը, սովորաբար գալիս է ընթացքում, երբ ստեղծվում են շարքի մյուս գործերը։
Անիի համար այնքան առաջնային չէ ոգեշնչումը, որքան ճիշտ պահը որսալը։
Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը: