«Մեկ լուսանկար» հաղորդաշարի հերթական թողարկմանը լրագրող Սոնա Ադամյանը պատմում է, որ Կովկասյան ինստիտուտում ուսանելու շրջանում իր ձեռքն է ընկնում Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» լուսանկարչական բացիկների տուփը, և լուսանկարներից մեկը, որում պատկերված է հրացանով զինված մերկ տղամարդ և արվել է 1993 թվականին Քարվաճառի «Տաք ջրեր»-ում, առանձնահատուկ գրավում և հետաքրքրում է իրեն։
Լուսանկարում չենք տեսնում ականների պայթյուն, ռազմական տեխնիկա, առաջնագիծ, վիրավորներ կամ արյուն, փոխարենը տեսնում ենք մարդուն, նրա ընտրությունը կռվելու կամ հանձնվելու միջև։
Սոնա Ադամյանի խոսքով՝ այս լուսանկարն ունի ոչ միայն վավերագրական, այլև գեղարվեստական արժեք․ տղամարդու թվացյալ հանգստության տակ զգացվում են նրա մկանների լարումը, կենտրոնացումը, կռվին պատրաստվելը և օդում առկա տագնապը․․․