Էրիկ Գրիգորյանի՝ Թալիշ գյուղում արված լուսանկարների շարքը Նարեկ Ալեքսանյանն առաջին անգամ տեսել է ապրիլյան պատերազմի օրերին, երբ աշխատանքի բերումով պետք է պատերազմական լուսանկարներ հրապարակեր լրատվական կայքում։
Լուսանկարներից մեկը գրավում է Նարեկին նրանով, որ այնտեղ պատերազմական սպասելի թոհուբոհը չկար․ չկար վառվող տուն, չկային վիրավորներ, չկային վախեցած մարդիկ։ Այդ լուսանկարում չկար մարդ, բայց կար մարդկային պատմություն
Լուսանկարում կա խաչ, որը վկայում է, որ այդ տարածքում ապրել են քրիստոնյաներ՝ հասկանալի է, որ հայեր։ Խաչի տակ ուղղանկյունաձև հետք է հավանաբար ինչ-որ լուսանկարի, և երևում է, որ արդեն մրոտ դարձած պատը ի սկզբանե վարդագույն է եղել։ Այդ գույնը Նարեկ Ալեքսանյանն ասոցացնում է լավ կյանքի, հանգստի, դրական հույզերի հետ։ Պատի վրա երևում է նաև հոսանքի վարդակը։ Ուրիշ ոչինչ չկա, այսքանով վկայվում է մարդկանց պատմություն, որ ապրել են այդտեղ։
Շարքի մյուս լուսանկարներն ամբողջացնում են պատկերը և ավելի հասկանալի դարձնում, թե ինչ իրավիճակում և ինչ տարածքներում է արվել այս գործը՝ խորհրդանշելով մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։