Ավետիս Ավետիսյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել կինոյի ֆակուլտետում սովորելու ընթացքում և այն դիտարկում է որպես կինոյի անմիջական մաս։ Հետագայում լուսանկարչությանն ավելի խորությամբ է անդրադարձել՝ իրեն փորձելով ամենատարբեր ժանրերում։ Սակայն բոլոր ժանրերից նրան ամենահոգեհարազատը վավերագրական լուսանկարչությունն է, որովհետև այն իրականությունն ու երևույթները, որ կարող ենք վավերագրել այսօր, չենք կարողանալու մի քանի տարի անց։
Փողոցային լուսանկարչության մասին խոսելիս Ավետիսը նշում է, որ չի առանձնացնում այն վավերագրությունից։
Ավետիսը հիմնականում թվային լուսանկարչությամբ է զբաղվել, սակայն ժամանակ առ ժամանակ ժապավենայինով լրջորեն զբաղվելու և այդ աշխարհն իր համար ավելի խորությամբ բացահայտելու մտքեր է ունենում։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Ավետիսը շրջում է քաղաքի ամենակոլորիտային թաղամասերից մեկի՝ Սարի թաղի փողոցներով, լուսանկարում տեղի մարդկանց, շենքերը և ինչպես ինքն է նշում՝ անկարևոր թվացող մանրուքներն ու դետալները։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։