Միքայել Պետրոսյանի կյանքում լուսանկարչական սարքերի և հենց լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է նախ օպերատոր-լուսանկարիչ հորից, այնուհետև լուսանկարչության ուսուցչից, որը մեծ ազդեցություն է թողել իր վրա։
Լուսանկարչությունը նրա համար նախ և առաջ տեղանքի, անձանց և երևույթներն ուսումնասիրելու, նրանց մասին ավելի շատ բան իմանալու միջոց է, ապա նաև թերապիա։ Լուսանկարելիս նա չի հոգնում։
Միքայելն այժմ թվային լուսանկարչությունն է գերադասում, որովհետև ավելի արագ է ու բազմաֆունկցիոնալ։ Նա արդարացված չի համարում թվային լուսանկարչության հանդեպ առկա բացասական վերաբերմունքը ժապավենայինի համեմատ։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի հերթական թողարկմանը Միքայելը լուսանկարում է Շենգավիթի մարդկանց ու շենքերը, երեխաների խաղերն ու այլ հետաքրքիր հատվածներ թաղամասից ու նշում, որ միշտ չէ, որ հեշտ ու հարթ է ստացվում լուսանկարիչ-անցորդ հաղորդակցությունը. հաճախ մարդիկ խուսափում են լուսանկարվելուց կամ կասկածում են, որ իրենց լուսանկարները բարի նպատակներով չեն օգտագործվի։
«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։