Բուլիինգը ծաղր է՝ վնասելու նպատակով: Երիտասարդության և դեռահասների խմբերում փոխադարձ ծաղրն ու նվաստացումը հատկապես շատ է քննարկվում դպրոցների պարագայում, քանի որ դպրոցի սահմանները՝ ժամանակային և տարածքային, չափելի և կանխատեսելի են: Մյուս կողմից, բուլիինգը հաճախ բուն դպրոցից՝ դասապրոցեսից և ուսուցիչների հայացքներից, դուրս է տեղի ունենում՝ անկյուններում, զուգարաններում, հանդերձարաններում և դպրոցների տարածքներից դուրս: Դպրոցը՝ որպես ինստիտուտ, չունի բուլիինգը կանխելու հստակ ռազմավարական և օրենսդրական մեխանիզմներ, սակայն, քայլեր է ձեռնարկում նմանատիպ արտահայտումները կարգավորելու: Սա է պատճառը, որ բուլիինգը կարծես ոչ թե հենց դպրոցում է տեղի ունենում, այլ դպրոցի տարիներին:
Այնուամենայնիվ, այն կարծիքը, որ դպրոցը՝ որպես ինստիտուտ, բուլիինգի գործընթացում երկրորդական կամ երրորդական տեղ է զբաղեցնում, որոշակի թյուրըմբռնում է պարունակում: Դպրոցական բուլիինգի առկայությունը պայամանավորված է նաև դպրոցում, այդ թվում նաև՝ ուսուցիչների կողմից մատուցվող մոտեցումների և մոդելներ մեխանիզմների մեջ: Միմյանց հանդեպ բռնություն կիրառող երեխաները շատ հաճախ նմանակում են այն ստանդարտ մոդելները, որոնք առկա են դպրոցի միջավայրում: Հայկական դպրոցում առայսօր «իշխող» դերում է ուսուցիչը, իսկ աշակերտը երկրորդական տեղում է: Կարծիքը տեղ հասցնելու համար աշակերտներին չի մնում այլ բան, քան կրկնօրինակել «ուսուցչական», ավտորիտար ոճը: Մյուս կողմից, դպրոցն այն լավագույն ինստիտուտն է, որը կարող է բուլիինգի կանխարգելիչ գործողություններ իրականացնել:
Արդյո՞ք երեխաները իրականում գիտեն՝ ի՞նչ անել բռնության փոխարեն: Երևի մեծահասակներն էլ անգամ չգիտեն՝ հարվածելու փոխարեն ինչ մեխանիզմներ կարելի է կիրառել: Սակայն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ բռնությունը կա, որքան էլ տնօրենները, անգամ ողջ հասարակությունը չփորձի դա քողարկել: Սակայն, կարծես թե, մենք բավական ուշադրություն չենք դարձնում այդ խնդրին, չենք թիրախավորում այն խմբերը, որոնք ավելի հաճախ են բուլիինգի զոհ դառնում, խոսում ենք բուլիինգի հոգեբանական ասպեկտների մասին՝ մոռանալով ֆիզիկական բուլիինգը, նյութական բուլիինգը: Մենք այդ դրսևորումները սովորական ենք համարում՝ քողարկելով իրական խնդիրը և բարդելով այն դեռահասության ճգնաժամի և հույզերի չկառավարման վրա:
Ինչպե՞ս են ծարում, ի՞նչ բառերով են ծաղրում: Ինչի՞ համար են ծաղրում բանակում՝ զինվորին հասցնելով ինքնասպանության: Որքան հայրիշխանական են հասարակության բարքերը, այնքան հաճախ է կարծես ծաղրը վերաբերում արտաքին տեսքին, ռասայական և սեռական պատկանելությանը, և դրանց վերաբերվող հասարակական ակնկալիքներին: Մինչ չպարզենք, թե ինչ բառեր են օգտագործվում և դրանք չբերենք հանրային դաշտ, չենք կարողանա մշակել կանխարգելող մեխանիզմներ:
Որքանո՞վ է պետական կրթական քաղաքականությունը փորձում իրական խնդիրների հետ առնչություն ունենալ, և որքանով է պետությունը պատրաստ այդ քաղաքականությունը տեղափոխել դպրոց: Ժամանակից կրթության առանցքային խնդիրներից մեկը ոչ թե որևէ առարկայի լավ իմացություն ապահովելն է, այլ գիտակից ու հանդուրժող քաղաքացի պատրաստելը, որը հարգում է այլոց իրավունքները և առջևի մարդուն ընդունում այնպիսին, ինչպիսին նա կա: Այս համատեքստում հետաքրքիր է դիտարկել, թե ովքե՞ր են դպրոցում դառնում բուլիինգի զոհեր: Առաջին հերթին նրանք մեծամասնությունից տարբերվող երեխաներն են, ընդ որում, չափանիշները տարբեր են՝ տեսքը, հասակը, քաշը, մազերի գույնը և այլն: Երկրորդ խումբը «տհաճ սովորություններ» ունեցող երեխաներն են՝ լացկան, կակազող: Երրորդ խումբը այն երեխաներն են, որոնց չեն սիրում ուսուցիչները: Ուսուցիչը, հատկապես տարրական դասարաններում, ձևավորում է դասարանական փոխհարաբերությունների մշակույթը և սահմանում շփման կանոնները: Այն աշակերտները, որոնք չեն ընդունվում ուսուցչի կողմից, պոտենցիալ բուլիինգի զոհ են դառնում, քանի որ դասարանի մեծ մասը տրամադրվում է նրանց դեմ:
Բուլիինգի մասին քննարկումներում հատուկ առանձնացվում է բուլիինգի փաստի հանդեպ չեզոք վերաբերմունք պահպանող, «կողքից հետևող» մարդկանց կատեգորիա: Բուլիինգին չմիջամտելով՝ նրանք դրա աջակից են դառնում և նպաստում են ծաղրի շարունակականությանը: Սակայն, Հայաստանում չկան բուլիինգի արձագանքման հստակ քաղաքական մեխանիզմներ. դրանք կարծես բխում են մարդկանց մշակութային պատկերացումներից: