Ժամանակակից աշխարհում էթնիկ պետության կառուցման միակ ձևն իրավական պետություն ստեղծելն է: Ընդհանուր պատմությամբ և լեզվով միավորված էթնիկ հանրույթը, չունենալով պետություն կառուցելու փորձ, այն ստեղծում է այլ առաջադեմ պետությունների փորձի հիման վրա:
Կա տեսակետ, որ էթնոսը գենետիկ երևույթ է, սակայն, պետք է հասկանալ, որ էթնիկ հանրույթները զուտ մշակութային երևույթներ են: Դրանք ձևավորվում և պահպանվում են մարդկանց ընդհանուր պատմական հիշողության հիման վրա, որը վերաբերում է սակրալ, սրբացված, սուբյեկտիվ և աբստրակտ գաղափարներին: Դրանց հիման վրա գոյանում են հանրությունները, որոնք գործում են պատմությունից եկած արժեհամակարգի սկզբունքներով: Դրանք, իրենց հերթին, ավանդույթի տեսքով, փոխանցվում են սերնդից սերունդ և սահմանում համակեցության սկզբունքները՝ պահպանվելով որպես փակ համակարգեր: Համակեցությունը կարգավորվում է ոչ թե ըստ իրավունքի, այլ ըստ պատասխանատվության և պարտավորության, որոնք ի ծնե պարտադրվում են մարդկանց: Էթնիկ հանրույթի անդամները ենթարկվում են գործող ավանդույթներին, իսկ հակառակ դեպքում տեղի է ունենում հանրային պատիժ:
Էթնիկ հանրույթը, ստեղծելով պետություն, կարիք ունի այն կանոնակարգելու, ինչի հետևանքով գոյանում են ավտորիտար կարգեր, որոնք հիմնվում են հատուկ մշակված էթնիկական առասպելաբանության վրա և ի վերջո բերում են օլիգարխիայի գոյացմանը: Այսպիսի պետությունում գործում են ձևական բնույթ կրող ինստիտուտներ և ավանդույթներ, և տեղի ունենում բարձր կարգի քրեականացում: Այս իրադրությունը հաղթահարելու միակ ձևը հասարակությունում քաղաքացիական գիտակցությունը զարգացնելն է: