Play Video
Միգրացիոն քաղաքականության մշակումը Հայաստանում. քաղված դասեր և ժամանակակից մարտահրավերներ. Հայկանուշ Չոբանյան | Վարդան Մաթևոսյան

Միգրացիոն քաղաքականությունը պետության կողմից ընդունված ռազմավարություններն են, որոնք ուղղված են անձանց տեղաշարժերը սահմաններով կամ սահմանների ներսում կանոնակարգելուն, ինչպես նաև տեղաշարժում ներգրավված անձանց կարգավիճակը և իրավունքները որոշելուն:
Միգրացիոն քաղաքականության մշակման հնարավոր տարբերակներից մեկն այդ քաղաքականությունը կառավարության ծրագրերում ներառելն ու դրա մի մասը դարձնելն է, երկրորդ հնարավոր տարբերակն օրենսդրական ակտեր և օրենքներ մշակելն է, իսկ երրորդը՝ այդ քաղաքականությունը մեկ առանձին փաստաթղթով սահմանելը: Այս վերջին ձևաչափում սովորաբար սահմանվում են միգրացիայի նպատակները, առանձնացվում են մարտահրավերներն ու հիմնախնդիրները և դրանց լուծումներն ուղենշող միջոցառումները: Դրանից հետո պետք է որոշակիացնել՝ ինչ ազգային օրենսդրություն, կառավարության ծրագրեր և միջոցառումներ են անհրաժեշտ այդ քաղաքականության նպատակներին հասնելու համար:
Միգրացիոն քաղաքականության փաստաթուղթ չունենալը դեռևս չի նշանակում, որ կառավարությունը չի կարգավորում միգրացիոն հիմնախնդիրները, և հակառակը, միգրացիոն քաղաքականությունը մեկ փաստաթղթում սահմանելը դեռևս չի նշանակում, որ բոլոր միգրացիոն միտումները կարգավորվում են ճիշտ ձևով: Այսպես, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ պետությունները բավական մեծ ռեսուրսներ են ներդնում իրենց միգրացիոն օրենսդրությունը բարելավելու, սահմանների կառավարումը կատարելագործելու համար, սակայն շարունակաբար առճակատվում են անօրինական միգրացիայի մարտահրավերների հետ:
Եթե փորձենք հասկանալ, թե ինչպիսի զարգացում է ունեցել Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակումն անկախությունից ի վեր, կտեսնենք, որ ժամանակի ընթացքում պետական կարգավորման միջոցով փոխվել են ինչպես միգրացիոն գործընթացները, դրանք առաջացնող պատճառները, հետևանքները, միգրացիոն գործընթացների մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված խմբերն ու նրանց խնդիրները, այնպես էլ հիմնախնդրի մասին պատկերացումները:


Միգրացիայի մասին խոսելիս կարևոր է հստակեցնել, որ այն դրական կամ բացասական երևույթ չէ, այլ օբյեկտիվ ընթացք է: Հաշվի առնելով, որ մոբիլությունը դրական բան է, չի կարելի պնդել, որ միգրացիան բացասական երևույթ է: Այսինքն, դրական կամ բացասական կարող է լինել միգրացիայի արդյունքը, այլ ոչ թե բուն երևույթը:
Հաճախ Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն քաղաքականության մասին խոսելիս հասարակությունը ենթադրում է, որ պետք է զբաղվել ժողովրդագրական քաղաքականությամբ: Չնայած այս երկու քաղաքականությունների փոխկապակցվածությանը, դրանք տարբեր բաներ են:
Միգրացիոն քաղաքականություն ասելով հիմնականում նկատի են ունենում իմիգրացիան, այսինքն, պետության միգրացիոն քաղաքականությունը կարգավորում է մուտքը երկիր և կացությունը (սա վերաբերում է հիմնականում օտարերկրացիներին):
Կարելի է ասել, որ միգրացիոն քաղաքականությունը միտված է չորս հիմնական կետերի՝ իմիգրացիայի կառավարում, ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպում, էմիգրացիայի կարգավորում և միգրացիոն հոսքերի կառավարման ինստիտուցիոնալ համակարգի արդիականացում: Այսինքն արդյունավետ կարելի է համարել այն միգրացիոն քաղաքականությունը, որը բխում է իրականության խորը վերլուծությունից, իմիգրացիայի կառավարման կոնկրետ փուլին առավել համապատասխանող մեխանիզմների ընտրությունից, ինտեգրման և վերաինտեգրման արդյունավետ սխեմաների կիրառումից, էմիգրացիայի ներուժի թիրախային օգտագործումից և ինստիտուցիոնալ համակարգի համապատասխանությունից: Այս ամենը գրագետ համադրելու արդյունքում հնարավոր է ստանալ արդյունավետ միգրացիոն քաղաքականություն:

Դիտեք նաև՝

Search