Երևանի քաղաքային տարածքի մոդեռնացումն, ըստ էության, սկսվեց խորհրդային շրջանում և թափ հավաքեց 1960-ականներից հետո: Կարևոր է հասկանալ՝ ինչ է մոդեռնացումը և ինչպիսի տրամադրություններ էր այն ստեղծում մարդկանց առօրյայում, փոխհարաբերությունների ձևերում և դարձնում Երևանը խորհրդային մոդեռն քաղաք:
1960-ականներից սկսած Երևանի պատմության մեջ շատ կարևոր շրջափուլ սկսվեց: 1951 թվականից հետո քաղաքի երրորդ հատակագիծն ուրվագծեց ոչ թե Երևանի կենտրոնը, այլ օրակարգում դրեց ծայրամասերի և ընդհանրապես քաղաքի ընդլայնման հարցը:
1961 թվականից հետո դրվեց «Երևան-2000»-ի գաղափարը, որի էֆեկտը մենք տեսնում ենք 1978 թվականին՝ միլիոնանոց քաղաքի ծննդով:
Հանրային տարածության կառուցման տեսանկյունից նոր քաղաքի տեմպ ու որակ տվող մեծ կառույցներն իսկապես շատ ազդեցիկ էին, և դրանք չէին կարող անդառնալի լինել քաղաքաբնակի գիտակցության ձևավորման տեսանկյունից: Քաղաքային նոր մշակույթի և ընդհանրապես քաղաքային նոր որակի ու ժամանցի ձևը պայմանավորեց այս փուլը:
1960-ականներից հետո հատկապես դեպի ծայրամասեր տարածվող մեծ բնակտարածության ձևավորումը հետաքրքիր կոնտրաստ ստեղծեց սովետականության և համակեցության որակների միջև: Եթե բնակելի տարածությունը ձևավորվում էր որպես պրոլետարական տարածք, թաղամասեր, որտեղ ապրում է պրոլետարը հավասարության ու հանրայնության սկզբունքով, բնակեցմանը տրված որակն ու տեմպերն իրականում հնարավորություն չընձեռեցին համայնքներում, բնակավայրերում այդ արժեքների արմատավորման համար:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ առավել ուրվագծվեցին ու ընդգծվեցին ոչ թե հավասարությունն ու հանրայնությունը, այլ մասնավորությունը, արտոնյալ խմբերը և դիրքավորող գաղափարախոսությունները: Այս ամենն իր գագաթնակետին հասավ 1990-ականների պրիվատիզացման արդյունքում:
Արդիականության ժամանակաշրջանի մասին խոսելիս նախ պետք է սկսել ակունքներից. որպես շարժում այն սկիզբ է առել 15-րդ դարի կեսերից, բայց Հայաստանի պարագայում չենք կարող բաց թողնել խորհրդային ժամանակաշրջանը կամ շրջանցել հեղափոխական ոգին, որն առկա էր Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Ե՛վ Հայաստանը, և՛ հայ հեղափոխական գործիչները տարբեր քաղաքական պատկանելության էին, բայց հասարակության, մշակույթի, նոր պետական ֆորմացիայի հետ կապված բոլոր այդ գաղափարները, վերջին հաշվով, արդիականացման մտածողության մասն էին:
Ճարտարապետությունը հստակ կերպով կարողանում է արտահայտել ոչ միայն ճարտարապետների գեղագիտական նախապատվությունների տեսլականները. ճարտարապետներն առաջ էին քաշում արդիականության տարբեր մոդալություններ: Թամանյանական դպրոցի պատմական արժևորումը տեղի ունեցավ ավելի ուշ՝ այն ժամանակ, երբ սկսեցին հաստատվել ստալինյան մշակութային և քաղաքական դոկտրինները, որոնք իրենց սկզբունքով ավելի ռեակցիոն և հակաարդիական էին և առաջ էին քաշում նորմալացման մի ուրիշ ձևաչափ՝ հեղափոխական ողջ ավյունն ու էներգիան որոշակի առումով հանգստացնելու համար: