Play Video
Մշակութային հեղափոխություն. Մարինե Կարոյան | Աղասի Թադևոսյան | Վարդան Հարությունյան

Մարդկության ամբողջ գոյության ընթացքում երաժշտությունը միշտ կապված է եղել հասարակական փոփոխությունների հետ և շատ հաճախ եղել է դրանց շարժիչ ուժը: Երաժշտությունն անընդհատ փոխվել է հասարակության տրամադրությունների և, հատկապես, արդյունաբերության ու տեխնոլոգիաների զարգացման հետ: Այսինքն, երաժշտությունը փոխում էր իր «լեզուն» նախօրոք, այլ ոչ թե արձագանքում փոփոխություններին:
Երաժշտությունը գործ ունի ձայնի հետ, իսկ ձայնը որպես նյութ շատ ավելի ազդեցիկ է, քան որևէ վիզուալ շարք:

Կարելի է դիտարկել երաժշտության զարգացման գաղափարային ու տեխնիկական գիծը: Գաղափարային գծի առումով շատ կարևոր է լեզուն ընդհանրապես, իսկ երաժշտությունն այն լեզուն է, որը լսելիս մարդիկ հասկանում, զգում են այն: Երաժշտության միջոցով ասվածն այդքան էլ վիճելի չէ, իսկ խոսքերը որոշակի սահմանումներ են ներկայացնում իրենցից («սահման» բառն արդեն բանալի բառ է՝ մենք խոսում ենք սահմաններով և չենք կարող զերծ մնալ դրանցից): Հայաստանում ստեղծվեց էլեկտրոնային երաժշտությունը, ինչը, սակայն, չի նշանակում, որ զարգանալու համար շատ կարևոր է ունենալ տեխնոգեն երաժշտություն. տեխնիկան ժամանակավոր միջոց է, որովհետև այստեղ իրական նպատակն էլեկտրոնային երաժշտությունը հասկանալն է:

Ձայնագրության հնարավորությունը բացեց մի աշխարհ, որի միջոցով Եվրոպան իմացավ՝ Ամերիկայում ինչ նոր բան է ստեղծվում՝ ջազը: Սա առաջին անգամն էր աշխարհում, երբ դասական երաժշտությունից բացի ինչ-որ բան էր ստեղծվում, որը և դրեց այսպես կոչված թեթև երաժշտության սկիզբը: Մինչ այդ նման բաժանում պարզապես գոյություն չուներ: Այս գործընթացը մեկնարկեց ջազով, և ձայնագրության արդյունքում Եվրոպան իմացավ դրա մասին:
Պատերազմից հետո ի հայտ եկավ ռոքնռոլլը, որը ջազի, բուգի-վուգիի, քանթրիի խառնուրդն է, ինչը և բերեց 1950-1960-ականների ռոք երաժշտությանը:

Հասարակական և քաղաքական կյանքի փոփոխություններում դժվար է պատկերացնել երաժշտությունից ավելի տպավորիչ և գործող արվեստ: Այս պատճառով աշխարհում երաժշտությունը միշտ օգտագործվել է որպես պրոպագանդայի առաջին գործիք:

Ձայնագրությունը, տեսագրությունը, դոկումենտացիան ընդհանրապես արագացում են առաջացնում արվեստի և ինֆորմացիայի փոխանակման ու զարգացման մեջ, ինչի շնորհիվ և ծնվում են նոր ուղղություններ:

Դիտեք նաև՝

Search