Հայաստանում Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը սկսել է ձևավորվել ԽՍՀՄ տարիներից, իսկ վերջին տարիներին այն ենթարկվել է փոփոխությունների: Հանրությունն այնքան էլ լավատեղյակ չէ՝ ինչ են բնության հատուկ պահպանվող տարածքները և ինչ գործառույթներ ունեն դրանք:
ՀՀ Բնության հատուկ պահպանվող տարածքներում խիստ սահմանափակված է հատկապես տնտեսական գործունեությունը: Ըստ այդմ կան ԲՀՏՊ-ների տարբեր կատեգորիաներ՝ արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր և բնության հուշարձաններ: Այս տարածքներից յուրաքանչյուրը տարբեր ռեժիմներ ունի. օրինակ, արգելոցներն ամենախիստ պահպանվող տարածքներն են, որտեղ արգելված է որևէ տեսակի տնտեսական գործունեություն (բացառությամբ սահմանափակ էկոտուրիզմի և որոշ տեսակի գիտական աշխատանքների):
Արգելավայրերի նպատակը որևէ բուսատեսակի կամ կենդանատեսակի կամ դրանց խմբի պահպանությունն է: Այնտեղ թույլատրված են որոշակի աշխատանքներ՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, արոտներ, խոտհարքներ, և այլն:
Ազգային պարկերը յուրահատուկ են նրանով, որ դրանք մի քանի ռեժիմ ունեցող տարածքներ են, այսինքն, այնտեղ կա արգելոցային գոտի, որտեղ արգելված է որևէ տնտեսական գործունեություն, կա տնտեսական գոտի, որտեղ թույլատրված է որոշակի տնտեսական գործունեություն, և կա ռեկրեացիոն գոտի, որը հատուկ ստեղծված է մարդկանց հանգիստը կազմակերպելու համար (տուրիստական երթուղիներ, զուգարաններ, ցուցանակներ և այլն):
Երրորդ գոտին, որը ներկայումս առկա է միայն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, արգելավայրային գոտին է:
Չորրորդ գոտին՝ բնության հուշարձանները (ծառ, քար, լիճ, ջրվեժ ներկայացնող հատուկ պահպանվող տարածքներ), համեմատաբար ավելի փոքր տարածքներ է զբաղեցնում: