Այն հարցը, թե հնարավոր է արդյոք արևմտյան փորձառության հենքի վրա ստեղծված տեսությունները, դրանց տրամադրած հղացքները, սկզբունքներն ու մեթոդները կիրառել նաև ոչ արևմտյան փորձառությունն ուսումնասիրելիս, իրականում նոր չէ: Այս հարցը շատ ավելի սուր իրեն զգացնել է տվել ոչարևմտյան հասարակությունների և՛ գաղութային, և՛ հետգաղութային շրջաններում և անգամ ամրագրել հասարակության, պատմության ու մշակույթի մասին գիտությունները սոցիալականի և հումանիտարի բաժանելու միտումը, երբ առաջինները պիտի ուսումնասիրեին գերազանցապես արևմտյան, այսպես կոչված արդիության փուլ թևակոխած հասարակությունները, իսկ երկրորդները, հատկապես մարդաբանությունը, այդ փուլին չհասած ոչ արևմտյանները:
Բնականաբար, ԽՍՀՄ փլուզումից հետո արևմտյան հետազոտական մոդելները (խոսքը ոչ միայն էմպիրիկ հետազոտությունների մասին է) պիտի լայնորեն մուտք գործեին հետխորհրդային հասարակություններ, այդ թվում նաև հայաստանյան համապատասխան հաստատություններ: Այն, ինչը հետազոտողների գոնե մի մասը պիտի փորձառեին, սոցիալական իրականության և այն ուսումնասիրելու միջոցների միջև որոշակի «ճեղքն» էր, «խզումը»: Ընդ որում այդ «ճեղքը», «խզումն» իրեն ժամանակ առ ժամանակ «զգացնել է տալիս» նաև շարունակաբար ծավալվող փոփոխություններին զուգընթաց (մասնավորապես խոսքը նաև «թավշյա հեղափոխություն» անվանումը ստացած հայաստանյան դեպքերի մասին է) և հարկադրում վճռել, թե ինչպես, այնուամենայնիվ, գործ ունենալ (հայաստանյան) սոցիալական իրականության հետ հետազոտական տեսանկյունից: Այս պարագայում հարց է առաջանում, թե այս «ճեղքի» կամ «խզման» իմաստավորման, դրանից ելք(եր) գտնելու համար կարող են արդյո՞ք օգտակար լինել այլ ոչարևմտյան հետազոտական փորձառությունները, որոնք, մեծ հաշվով նույնպես բախվել են վերոհիշյալ խնդրին: Եթե այդ «խզումը» կամ «ճեղքն» անխուսափելի է, իսկ այսպես կոչված տեղական գիտական պրակտիկաները ոչ հասուն ու հղացքային առումով դեռեւս անարգասաբեր, ապա վերոհիշյալ ոչարևմտյան փորձառությունները մեզ ինչպիսի՞ ռազմավարություն(ներ) կարող են առաջարկել: Զեկույցը նախ անդրադառնալու է այդպիսի մի փորձառության ի դեմս Գ. Սպիվակի «Կարո՞ղ է ենթադասը խոսել» հայտնի էսսեի: Դրանում հեղինակն առաջնորդվում է հետկառուցապաշտությամբ կողմնորոշված որոշակի ռազմավարությամբ, երբ քննում է հնդկական տեղական նյութը արևմտյան հետազոտական միջոցներով: Վերջիններիս կիրառությունը ոչարևմտյան փորձառությունների պարագայում համարելով նաև թարգմանական գործողություն, որը կրում է այդպիսի գործողության բոլոր հետևանքները, զեկույցում վերոհիշյալ ռազմավարությամբ Է. Լակլաուի եւ Շ. Մուֆի արմատական ժողովրդավարության հետմարքսիստական տեսությունը կիրառություն է գտնում հայաստանյան մի դեպքի կապակցությամբ՝ ձգտելով ցույց տալ վերոնշյալ «խզումից» կամ «ճեղքից» հնարավոր ելքերից մեկը:
Հաջորդիվ դիտարկվելու է ևս մի ռազմավարություն, ինչը ներշնչված է Պ. Գիլրոյի ստրկատիրությունից ազատագրվելու սևական փորձառության իմաստավորումից և կարելի է անվանել «արևմտյան հետազոտական միջոցների ընտրողական կիրառություն»: Վերջինս ինքնատիպ հարաբերություն է նշմարում ու հաստատում արևմտյանի ու ոչարևմտյանի, «ներսի ու դրսի», մասնակիի ու համընդհանուրի միջև:
Անգլերեն տարբերակը՝