Play Video
Հետխորհրդային հասարակությունների նկարագրման կաղապարների հարցի շուրջ. Սուրեն Զոլյան

Հետխորհրդային հասարակությունների նկարագրման առկա մոդելների մեծ մասը հիմնված է որոշակի a priori տրված գաղափարախոսական սխեմայի վրա, որոնք հենց այդ նկարագրությունները փորձում են հիմնավորել՝ որպես մի a posteriori ճշմարտություն: Ընդհանուր առմամբ, դրանց հիմքում ընկած է մի վաղեմի հիլիաստիկ գաղափար, ինչը հստակ և բավականին պարզունակ ձևով արտահայտված է Ֆ. Ֆուկույամայի «Պատմության ավարտը» հոդվածում՝ ի տարբերություն դասական սկզբնաղբյուրի, Երկրի վրա Երկնային Արքայության փոխարեն ստեղծվում է համընդհանուր լիբերալ հասարակություն: Դրանից հետո օգտագործելով նախանցյալ դարի ռուս մեծ երգիծաբանի խոսքը՝ «Պատմությունը դադարեցրել է իր հոսքը» (Սալտիկով-Շեդրին, «Մի քաղաքի պատմություն»): Այս սխեմայից առաջ չեն անցել նաև ավելի խորը հետազոտողները: Չնայած մոտեցումների բոլոր տարբերություններին, դրանք հիմնված են «տրանզիտի» հասկացութային (conceptual) փոխաբերության վրա, որը հետագայում զիջում է իր առաջնայնությունը մեկ այլ հասկացույթի՝ «հիբրիդայնությանը»: Այս փոխաբերությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու այդ հասկացույթների վրա հիմնված նկարագրությունները չեն համապատասխանում հետխորհրդային պետությունների իրողություններին:

Տրանզիտի փոխաբերությունը ենթադրում է դինամիկ անցում «վատ» սոցիալիստական խորհրդային անցյալից դեպի այն իդեալական իրավիճակ, մի մտակառույց (construct), որը պայմանականրեն կարելի է անվանել «ազատական արևմտյան ժողովրդավարություն»: Այն կոչված է փոխարինել մեկ այլ մտակառույց՝ այժմ վարկաբեկված «կոմունիզմը»: Միևնույն ժամանակ, Ֆուկույամայի ոգով, ենթադրվում էր, որ այս իդեալն արդեն իրականություն է դարձել հարևան երկրներում (ԱՄՆ, Եվրոպա Ճապոնիա…): Դժվար չէ հասկանալ, որ մի շարք հետխորհրդային հասարակություններում «տրանզիտը» վեր է ածվել միայն պիտակների փոփոխության:

***

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «սոցիալիստական» հատկանիշների չեզոքացումը չի հանգեցրել էական դրական արդյունքի, քանի որ այն չէր ուղեկցվում արդիականացման որևէ ծրագրով: Խորհրդային Հայաստանի վերջին երկու տասնամյակների ընթացքում գոյացած հետինդուստրիալ թռիչքային ռազմավարության փոխարեն ի հայտ է եկել իր տեսակով հետգաղութային «ազգային վերածնունդի» մի ավանդապաշտ գաղափարախոսություն։ Արդի Հայաստանում քաղաքական ռեժիմի համար որոշիչ է իշխանության և սեփականության միաձուլումը: Գոյացել են այդպիսի երևույթներ, ինչպիսիք են շուկայական տնտեսություն առանց մրցակցության, խորհրդարանական հանրապետություն առանց քաղաքական կուսակցությունների և ընտրություններ առանց իշխանափոխության հնարավորության: Նման ռեժիմը բնութագրելիս, առավել համարժեք կարող է լինել «ընտրական ֆեոդալիզմ» հասկացությունը։ Սովորաբար այն օգտագործվում է այն երկրների առնչությամբ, որտեղ համատեղված են ֆեոդալական ինստիտուտները և ընտրությունների մեխանիզմը (Հնդկաստան, Պակիստան, Լիխտենշտեյն):

Սակայն, կարծում ենք, այդ տերմինը շատ ավելի հարիր է օգտագործել Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների հանդեպ, որտեղ ֆեոդալական իշխանությունը լեգիտիմացվում է ոչ թե անձի ծագումով, այլ ընտրությունների միջոցով: Ժողովրդավարության կարևորագույն առանձնահատկությունը` ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, դառնում է ծես, որը պետք է լեգիտիմացնի արդեն ձևավորված պաշտոնական և ստվերային հիերարխիան: 1990-ականներին առաջացած արատավոր շրջապտույտը տարիների ընթացքում ավելի մեծ իներցիոն թափ է հավաքել. ընտրական ֆեոդալիզմը ձևավորում է ֆեոդալական ընտրազանգվածը, և միևնույն ժամանակ ֆեոդալական ընտրազանգվածը պարբերաբար վերարտադրում է ընտրական ֆեոդալիզմը (ընտրված ֆեոդալների կառավարումը):

English version:

Դիտեք նաև՝

Search