Play Video
14. Ուսումնական դժվարություններ. պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Եթե երեխան երկու-երեք ամիս տևողությամբ որևէ հարցում կայուն դժվարություն ունի և այս դժվարությունը որևէ կերպ, որևէ ազդեցությամբ փոփոխության չի ենթարկվում, վիճակը չի բարելավվում, մենք գործ ունենք խնդրի հետ, որը պետք է ինչ-որ կերպ հաղթահարել կամ բացահայտել խնդրի առաջացման պատճառները:

Ուսումնական խնդիրների պատճառները կարող են լինել ֆիզիոլոգիական, սոցիալական և հոգեբանական:

Ֆիզիլոգիական պատճառները երեխայի առողջության տարբեր առանձնահատկություններն են՝ երեխայի տարած հիվանդությունները, վիրահատությունները, երեխայի շարժողական ակտիվության մակարդակը, երեխայի նյարդային համակարգի տիպը և դրա առանձնահատկությունները, երեխայի դիմադրողական մակարդակը:

Սոցիալական պատճառները կարող են լինել ընտանիքում երեխայի փոխհարաբերությունները, անբարենպաստ դաստիարակության մեթոդները, ծնողների ոչ պատվաբեր վարքը և վերաբերմունքը երեխայի նկատմամբ, ընտանեկան լուրջ կոնֆլիկտները, ինչպես նաև երեխայի փոխահարբերությունները իր հասակացիների հետ:

Հոգեբանական պատճառները երեխայի ինտելեկտուալ առանձնահատկություններն ու կարողություններն են՝ նրա հիշողության, մտածողության, ուշադրության առանձնահատկությունները:

Այս երեք պատճառների համախումբը ստեղծում է ուսումնական դժվարություններ:

Ուսումնական դժվարությունները կարող են արտահայտվել երկու ձևով կամ երկու ոլորտում.

Առաջինը հենց բուն ուսումնական առանձնահատկությունների խնդիրներն են: Այսինքն՝ երեխան ձախողում է կոնկրետ առարկայի շրջանակներում, չի կարողանում ընկալել, յուրացնել, դժվարանում է կատարել հանձնարարությունները, հասկանալ, բացատրել իր մտքերը:

Երկրորդ խնդիրը անձնային որակների դաշտից է: Այսինքն՝ երեխայի մոտ կարող է դրսևորվել ինքնուրույնության պակաս, նախաձեռնողականության պակաս, հրահանգներով աշխատելու կարողության պակաս կամ ենթարկվելու դժվարություններ:

Շատ կարևոր առանձնահատկություն է ուսումնական մոտիվացիան, որը ձևավորվում է մի շարք այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են ծնողների վերաբերմունքը, մանկապարտեզը, ինչպես նաև հենց բուն ուսումնական միջավայրը՝ դպրոցը, ուսուցիչները, ուսումնական նյութերը: Ուսումնական մոտիվացիան ևս անձնային ոլորտի խնդիր է, և եթե, օրինակ, երեխան ունի բարձր ընդունակություններ, բայց չունի ուսումնական մոտիվացիա, սա ևս կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի երեխան ունենա ուսումնական դժվարություններ:

Ինչու՞ է կարևոր այս խնդիրը ուշադրության կենտրոնում պահել և լուծումներ փնտրել.

Մենք լավ գիտենք, որ դպրոցահասակ երեխաները՝ հատկապես տարրական դպրոցի երեխաները, իրենց ամբողջ կյանքն ու ինքնադրսևորման միջավայրը համարում են դպրոցը: Եվ եթե այս գործընթացում, այս միջավայրում որևէ բան խանգարում է նրանց ինքնադրսևորման գործընթացին կամ ինքնադրսևորվման գործընթացը հագեցած է անհաջողություններով, քննադատությամբ, մեղադրանքներով, վիրավորանքներով, ապա սա ուղղակիորեն ազդում է երեխայի ինքնագնահատականի և հետագա կյանքի ձեռքբերումների վրա:

Կարևոր է հաշվի առնել, որ հաջողության զգացումը, հաջողության ձգտելու ցանկությունը և հաջողության հասնելու մոտիվացիան ձևավորվում է հենց դպրոցական տարիքում: Երեխայի կյանքի զարգացման ընթացքում ունենք շրջաններ, երբ կոնկրետ որակներ են ձևավորվում և տարրական դպրոցի տարիքը հենց հաջողության հասնելու մոտիվացիայի ձևավորման տարիքն է: Դրանից հետո այս մոտիվացիան և նպատակասլացությունը ձևավորելը շատ դժվար կլինի:

Դիտեք նաև՝

Search