Play Video

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ: Սակայն, սթրեսի բոլոր փուլերն ու դրսևորումները նույնքան են սպառնում երեխաներին, որքան մեծահասակներին: Երեխաները չեն կարող սթրեսին նույնքան դիմակայել, որքան մեծահասակները, քանի որ դեռևս չունեն կենսափորձ, ուստի ցանկացած փոփոխություն կարող է երեխայի համար սթրեսի աղբյուր դառնալ: Երեխաներին հաճախ չեն տեղեկացնում տեղի ունեցող փոփոխություններից, փորձում են զերծ պահել սթրեսածին տեղեկություններից, այնինչ երեխայի հետ պետք է առավել անկեղծ լինել: Անգամ եթե երեխան անկեղծությանը չարձագանքի, այն կօգնի հետագայում հաղթահարել սթրեսը:
Երեխաները սթրեսին արձագանքում են վարքային և էմոցիոնալ փոփոխություններով, քնի, սննդի խանգարումներով, անգամ դիմադրողականության անկումով: Երեխան կարող է դառնալ ագրեսիվ, ինքնամփոփ, ունենալ անքնություն, գիշերամիզություն, մկանային կրճատումներ և այլն: Երեխայի պահվածքին, մասնավորապես՝ խաղին հետևելով կարելի տեսնել երեխայի սթրեսի մակարդակը: Միջավայրը հաճախ բացասական է արձագանքում երեխայի սթրեսային վիճակին. երեխայի վարքը վատանում է, և շրջակա մարդիկ սկսում են ավելի ու ավելի կոշտ արձագանքել երեխայի արարքներին, ինչն իր հերթին բերում է վարքի բարդացմանը: Երեխաներն ունենում են չհասկացվածության զգացողություն, որն իր արժեքը չի կորցնում մարդու ողջ կյանքի ընթացքում: Հատկապես վտանգավոր է առողջական խնդիրներից ծագող սթրեսը, որի հետևանքով երեխայի վարքը ևս կարող է փոխվել: Այդ դեպքերում դաստիարակչական կոշտ գործողությունները առանձնահատուկ ծանր հետևանքների են բերում:

Երեխայի կյանքում բացասական փոփոխություններ նկատելու դեպքում իրավիճակի բարդացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է մասնագետի դիմել:

Դիտեք նաև՝

Search