Play Video
3. Պատասխանատվություն. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Կյանքի ցանկացած խնդիրների նկատմամբ մարդու վերաբերմունքը կարելի է պայմանականորեն երկու տեսակի բաժանել: Առաջին մոտեցումը մեղադրանքն է: Խնդրին բախվելով մարդ մեղադրում է արտաքին գործոնները, այլ մարդկանց, ճակատագիրը, ինքն իրեն: Այս տեսակի մեղադրանքը որոշ չափով ագրեսիայի դրսևորում է, իսկ ագրեսիան չի կարող որևէ կերպով նպաստել իրավիճակի դրական լուծմանը և բերում է անձի դեգրադացիայի: Մասնագիտական ոլորտի սթրեսը բերում է հուզական սպառման համախտանիշի, որը ևս հաճախակի արտահայտվում է մեղադրանքի տեսքով: Մեղադրանքի տեսքով ագրեսիայի դրսևորումը ապարդյուն է սթրեսի կառավարման տեսակետից: Տարբեր կրոններում ձևավորված «Մի՛ դատիր» պատվիրանը ակտուալ է այս տեսակի խնդիրների լուծման համար և դրական է ազդում անձնային արդյունավետության վրա:
Մի թյուրըմբռնում գոյություն ունի, ըստ որի ինքնամեղադրանքը դրական արդյունքի է բերում, և մարդն առաջին հերթին պիտի մեղքը փնթրի իր մեջ: Այնուամենայնիվ, ցանկացած մեղադրանք, անկախ նրանից, թե ում է այն ուղղված, հանգեցնելու է անձի դեգրադացիայի: Ինքնամեղադրանքն, իր հերթին, հանգեցնում է ինքնագնահատականի անկմանը, որն իր հերթին բացասական հետևանքների է բերում:

Ի տարբերություն մեղադրանքի, սթրեսադիմացկունությանն ու կայունությանը նպաստում է պատասխանատվության ստանձնումը: Այն էապես տարբերվում է ինքնամեղադրանքից, քանի որ պատասխանատվությունը միշտ կիսվում է կողմերի միջև: Պատասխանատվության ստանձնումը նշանակում է գիտակցել սեփական անձի ազդեցությունը իրավիճակի վրա: Ազդեցությունը կարող է կախված լինել տարատեսակ գործոններից՝ մարդու սեռից, տարիքից, տեսքից և այլն: Երբ մարդ գիտակցում է այդ գործոնների ամբողջության ազդեցությունն իրավիճակի վրա և ստանձնում է պատասխանատվությունը դրա համար, նա նաև կարողանում է որոշակի ձևով կառավարել այն:

Դիտեք նաև՝

Search