Սոցիալական մարդաբանությունը (ազգագրությունը) մարդուն ուսումնասիրում էր իր տարածքում: Ազգագրագետները լքում էին լաբորատորիաները՝ ձգտելով բնիկներին ուսումնասիրել իրենց տեղանքներում: Որոշ պահից, սակայն, այդ սկզբունքը դադարեց գործել, քանի որ այն բնիկը, ում ազգագրությունն ուսումնասիրում էր իր բնակության վայրում, սկսեց տեղաշարժվել և հայտնվել հենց այնտեղ, որտեղից ազգագրագետները ժամանակին մեկնում էին: Մարդաբանական ուսումնասիրություններում այդ շրջադարձով է միգրացիան դառնում գիտական ուշադրության առարկա: Ուսումնասիրության առարկան այլևս ձայնազուրկ մեկը չէ. նա էլ է իր ճանապարհորդության պատմությունը պատմում, բայց այն տարբերվում է սպիտակ մարդու ուղևորությունից, որի ընթացքում վերջինս ճանաչում է, ուսումնասիրում և վերապատմում իր տեսածը:
***
Ազգագրագետները, հավատարիմ մնալով սեփական ավանդույթներին, իրենց մասնագիտական երանգներով են դիտարկում միգրացիան: Ազգագրագիտությունը տիպաբանության է հակված. տարբերակվում են ուղևորության ու միգրացիայի տեսակները, տևողությունները: Կարևորվում է վերադարձի հեռանկարն ու հնարավորությունը: Էթնիկական պատկանելության խնդիրը չի կորցնում իր կարևորությունը և, ուսումնասիրություններ են անցկացվում տարբեր երկրներում այլազգի համայնքների մեջ: Ավելի ուշ շրջանում այն փոխարինվում է «ընդհանուր» ինքնության հղացքով, սակայն պատկանելության հարցը շարունակում է կարևոր մնալ:
Սոցիալական մարդաբաններին հետաքրքիր է մոդեռնիզացիան՝ գյուղական, ոչ արդյունաբերական համայնքային տարածքներից դեպի արդյունաբերական, արդիականացված հասարակություններ: Միգրացիան դիտարկվում է որպես ոչ միայն տարածական, այլև ժամանակային ճամփորդություն: Միգրացիոն փորձառությունը համայնքից կտրվելու և որպես անհատ կայանալու գործընթաց է:
«Տեղափոխվել նշանակում է տեղափոխվել սեփական պատմությամբ հանդերձ: Իմիգրացիան այդ պատմության մասինկն է՝ սեփական ավանդությներով ապրելու, զգալու, գործելու և մտածելու կերպով, սեփական լեզվով, սեփական կրոնով և սեփական հասարակության մնացած բոլոր սոցիալական, քաղաքական և գաղափարական կառուցվածքներով, անհատի և հասարակության կառուցվածքային հատկանիշներով: Տեղափոխվել նշանակում է տեղափոխվել սեփական մշակույթով»:
Աբդելմալեկ Սայադ