Ենթադրենք, թե գոյություն ունի անվերջ աշխատանքային կյանք, և ենթադրենք, թե միգրացիայի բոլոր ծախսերը հենց առաջին փուլում են ի հայտ գալիս: Այս ծախսերը ներառում են անուղղակի ծախսեր (օրինակ՝ միգրացիայի վրա ծախսված ժամանակը) և ուղղակի ծախսեր (ինքնաթիռի տոմս և այլն): (…) Տրված ենթադրության հիման վրա կարելի է դուրս բերել միգրացիայի հետևյալ բանաձևը, որտեղ r-ը հավասար է ծագման երկրի աշխատավարձից հանած միգրացիայի երկրի աշխատավարձը` բաժանած ուղղակի և անուղղակի ծախսերի գումարին:
Բարրի Չիզվիք, Are Immigrants Favorably Self-Selected? An Economic Analysis
Մեկնող անհատն իր որոշումը կշռում է ըստ իր ծագման երկրի և նոր աշխատավարձի տարբերության և դրա և ծախսված ժամանակի հարաբերության: Տնտեսագիտական այս մոտեցումը հիմնված է տնտեսագիտությանը բնորոշ տեսական ընդհանրացումների վրա՝ ելնելով որոշակի նախնական ենթադրությունից: Նեոդասական տնտեսագիտության տեսությունը միգրացիայի հավանականությունը դիտարկում է ըստ աշխատաշուկաների առաջարկի: Ի տարբերություն այս մակրոմոտեցման, միկրոմոտեցումը շեշտադրում է անհատի՝ որոշում կատարելու ունակության վրա: Որոշումներն այս դեպքում կապված են ոչ միայն աշխատավարձի, այլև ընտանիքներից, հարազատներից բաժանվելու և այլ խնդիրների հետ: Այս մոտեցումների հակադրության ներքո առաջացավ երկակի (դուալ) աշխատաշուկայի տեսությունը, ըստ որի աշխտաշուկան միատարր և միանշանակ չէ. շուկան բաժանված է օրենքով կառավարվող հատվածի, որում աշխատուժի առաջարկը սակավ է, և այն հատվածի, որում աշխատուժն առկա է, բայց վարձատրությունը ոչ մի պարագայում չի գերազանցի որոշակի սահման: Երկրորդ հատվածը լրացվում է ամենախոցելի շերտերով՝ կանանցով, երեխաներով և միգրանտներով:
Աշխարհահամակարգային տեսությունը ոչ միայն խոսում է երկու շուկաների հարաբերության, այլև համաշխարհային շուկան բաժանում է կենտրոնական և արվարձանային մասերի՝ աշխատուժերի տեսությունը դիտելով դրանց մեջ կապի տեսանկյունից: Այդ շրջանառությունը գրծում է ողջ աշխարհով, և դրա մասն են դառնում տարբեր համակարգեր, կապիտալը և այլն: Տնտեսական զարգացման տեսությունը միգրացիան դիտարկում է տնտեսական շարժի, կապիտալի հոսքի, ՀՆԱ-ի փոփոխությունների և այլ տեսանկյուններից: Մարդկային զարգացման տեսությունը զարգացումը չափում է ոչ թե տնտեսական աճի չափով, այլ մարդու ազատության, կրթության, առողջության աստիճանով: Քննարկվեց միգրանտի՝ որպես հմտություններ կրողի կարևորության հարցը և միգրացիայի դերը հասարակութունների մարդկային զարգացման գործընթացում: Զարգացման տեսությունների շրջանակներում հստակ երևում է կապը երկու հասարակությունների միջև. կարևորվում է նաև ուղարկող երկրի դերակատարությունը միգրացիայում:
***
Ավանդաբար, քաղաքական տեսություններն աշխատել են փակ հասարակությունների մոդելի հետ և քաղաքացիների՝ բացառապես մեկ պետության հանդեպ լոյալության: Միգրացիոն քաղաքական տրանսնացիոնալիզմը մարտահրավեր է նետում այս երկու կանխադրությներին: Քաղաքական տեսություններ, որոնք ուզում են գլոբալացված հասարակությունների դեմոկրատիաների նկատմամբ ավելի ադեկվատ հղացք զարգացնել, կարող են շատ բան սովորել ամսագրում ներկայացված դեպքերի ուսումնասիրություններից:
Ռայներ Բաուբյոք, Towards a Political Theory of Migrant TransnationalismԱրդյո՞ք միգրացիան անվտանգության սպառնալիք է: Արդյո՞ք այն սպառնում է համայնքին, թե՞ պետությանը: Ի՞նչ մակարդակում է պետք դրան արձագանքել. ազգայի՞ն՝ որպես ազգային անվտանգության մի մաս, թե՞ միջազգային, ինչպիսին է Եվրամիութունը: Սրանք միգրացիայի թե՛ տեսաբաններին, թե՛ պրակտիկներին հուզող հարցերն են:
Աննա Կիչինգեր, International Migration as a Non Traditional Security Threat and the EU Responses to this Phenomenon
Քաղաքագիտությունը միգրացիան քննարկում է անհատի կարգավիճակի, պետության՝ մարդու հանդեպ պատասխանատվության, միգրանտների իրավունքների, պետական սահմանների ու տեղաշարժի իրավունքի տեսանկյունից: Նշված երկու մեջբերումները շեշտադրում են, որ միգրացիան ոչ միայն իրողություն է, այլ նաև դիսկուրսիվ հարց է: Առաջին մեջբերումը վերաբերում է լոյալության ու պատասխանատվության սահմաններում, իսկ երկրորդ դեպքում իմիգրացիան քննարկվում է որպես մարտահրավեր: Ձախակողմյան, լիբերալ դիսկուրսները, սովորաբար, կողկնակից իմիգրացիային, իսկ աջակողմյան, պահպանողական քաղաքական ուժերը հակաիմիգրացիոն քաղաքականություն են վարում: Այս դիսկուրսները տարբեր են նաև ընդունող և ուղարկող երկրների դեպքում: Արմեն Ղազարյանի՝ միգրացիայի և անվտանգության վերաբերյալ հետազոտությունը դիտարկում է Հայաստանի պաշտոնական դիսկուրսը, որում միգրացիայի հանդեպ մոտեցումը հիմնված է սոցիալատնտեսական հարցադրումների, մասնավորապես՝ էմիգրանտների համայնքի օգտավետության խնդրի վրա: Տարածված մի այլ դիսկուրս վերաբերում է մեղադրանքին և պատասխանատվության բարդմանը: Քաղաքագիտական հայացքի սահմաններում քննարկվում է մարդու կարգավիճակը պետության հանդեպ: Այստեղ կարևոր է նաև մարդու էթնիկական պատկանելության, օտար մշակույթի և լեզվի կրող լինելու խնդիրը:
Քննարկված մոտեցումների ընդհանրությունը մակրոհամակարգերի վրա արված շեշտադրումներն են: Ժամանակի գործոնն ավելի կարճաժամկետ է, և դրա վեկտորը դեպի ապագան է ուղղված՝ կանխատեսումների տեսքով: