Ինչո՞ւ են երեխաների իրավունքներն այդքան կարևոր: Մենք հաճախ ենք խոսում, որ երեխաները մեր ապագան են, և երեխաների վրա պատասխանատվություն ենք դնում մեր ապագայի համար: Սակայն մինչև երեխաները մեր ապագան դառնան, մենք պիտի նրանց համար ապահովենք բարեկեցիկ ներկա: Այն, թե ինչպիսի ապագա կկերտեն մեր երեխաները, մեծապես կախված է նրանից, թե ինչ ժառանգություն կթողնենք մենք նրանց:
Երեխաների իրավունքներն խարսխված են հինգ համակարգերի վրա՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, անչափահասների արդարադատություն և մշակույթ:
Երեխայի կրթության իրավունքը չի սահմանափակվում միայն դպրոց գնալու հնարավորությամբ: Կրթական գործընթացից դուրս մնացող երեխան չի իրացնում կրթության իր իրավունքը: Հայաստանում մշակվող ներառական կրթության համակարգը պիտի ոչ միայն հատուկ կարիքներով երեխաներին վերաբերի, այլև այն երեխաներին, որոնք այսօր գնում են դպրոց, բայց ուսումնառության մեջ ներգրավված չեն:
Առողջական իրավունքի խնդիրներից մեկը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհանտումներն են, որոնց պատճառով խախտվում է իգական և արական սեռի երեխաների քանակային համամասնությունը:
Երեխաների սոցիալական պաշտպանությունը պիտի հասանելի լինի դժվարին պայմաններում գտնվող երեխաների համար, այդ թվում՝ ընտանեկան և սեռական բռնությանը ենթարկվող, վատթարագույն պայմաններում աշխատող և այլն: Հայաստանում թերի է աշխատում ուղղորդումների համակարգը. օգնության կարիք ունեցող երեխաների մասին տեղեկություննները համապատասխան հաստատություններին հաճախ չեն հասնում կամ ուշացած են հասնում: Սոցիալական ծառայությունների բարեփոխումները հնարավորություն են տալիս, որպեսզի սոցիալական աշխատողները կարողանան ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել երեխաներին: Սոցիալական ոլորտի մի այլ խնդիր է մանկատներում գտվող երեխաների խնամատարությունը:
Հայաստանը չունի անչափահասներիի համար նախատեսված հատուկ արդարադատական համակարգ: Իրավախախտ երեխաները անցնում են արդեն իսկ եղած քննչական և դատական մարմինների միջով: Շատ կարևոր է ձեռք բերել նաև կանխարգելման և վերականգնման համակարգեր:
Մշակութային իրավունքների ոլորտում չկա խնդիրների որևէ միասնական լուծում: Երեխաների մշակութային զարգացման վայրերը՝ գեղավեստական, սպորտային և այլ դպրոցները, հիմնականում կենտրոնացած են խոշոր քաղաքներում և հասանելի չեն դրանցից դուրս:
Շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանության ամբողջական մոտեցումը, որը թույլ կտա տարբեր համակարգերին ավելի միասնական գործել և հասանելի լինել երեխաների համար: