Ի՞նչն է մեզ ստիպում գնալ, գտնել ու փնտրել զուգահեռ աշխարհները: Էկզիստենցիալիստներն, օրինակ, ասում էին, որ մարդն իրեն հաճախ զգում է նետված, միայնակ այս աշխարհում և որ բոլորը տրամադրված են թշնամաբար իր հանդեպ, ուստի փորձում է գտնել ալտերնատիվ դաշտեր, որտեղ նա կարող է ինքնիրացվել և շարունակել սեփական «նախագիծը»: Կան բազմաթիվ գործողություններ, որոնք տարբեր պատճառներով մեր ակտուալ իրականության՝ ֆիզիկական ռեալության մեջ, մնում են անավարտ, և մենք փորձում ենք կարծես ավարտել այդ գործողությունները՝ ինչ-որ աջակից գտնելու, լրացուցիչ հնարավորությունների միջոցով: Այս դեպքում ահա մեզ օգնում է վիրտուալ իրականությունը: Հոգեբանության մեջ սա կոչվում է ռեպրեզենտատիվ գործողություն. գործողություն, որն ուղղված է որոշակի նպատակի և միաժամանակ աջակցություն է՝ ավարտելու մեկ այլ գործողություն, որը տեղի է ունեցել ակտուալի մակարդակում, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ավարտվել: Սա մեզ ստիպում է գնալ վիրտուալ իրականություն և դժվարությամբ վերադառնալ…
Անունի կորուստը մենք ունենում ենք վիրտուալ իրականության մեջ՝ հրաժարվելով այդ անունից, կամ անվան կորուստը ենթադրում է նաև բազմանունություն: Այդ դինամիկան, որը գալիս է հենց վիրտուալ իրականությունից, բավականին մեծ խնդիրներ է առաջացնում «ես»-ի կառուցման հետ, այսինքն ինչ-որ ամբողջական, հետևողական «ես» կառուցման փոխարեն մենք հաճախ ընկնում ենք տարբեր կերպարների ետևից, օր.՝ Զիգմունդ Բաունն ասում էր, որ մենք հաճախ փոխում ենք մեր ինքնությունը, ինչպես հագուստը, գերադասում ենք կառուցել մեր «ես»-ը շատ հեշտ կառուցվող և ապակառուցվող կերպարների շուրջ: Մեր կերպարը դառնում է ինչ-որ կադրերի համախումբ, և հաճախ այդ կադրերից նախորդը մյուսի հետ կապ էլ չունի, կարծես անհատի համար մոռացության արվեստը շատ ավելի կարևոր է դարձել այս իմաստով, նույն սեփական «ես»-ի հետ կապված, քան հիշողության արվեստը…
Կամյուն իր «Անկումը» ստեղծագործության մեջ ասում է. «Ինչո՞ւ ենք մենք սիրում այն մարդկանց, ովքեր մեզանից արդեն ֆիզիկապես հեռացել են, որովհետև այդ մարդիկ չեն սահմանափակում մեր ազատությունը, և մենք չունենք պարտականություններ այդ մարդկանց հանդեպ»: Վիրտուալ իրականությունը մեզ տալիս է մոտավորապես այն հնարավորությունը, որ մենք կարող ենք իրականացնել մեր սեփական խաղը, որոշել, թե երբ սկսել այդ խաղը և երբ ավարտել, և այդ խաղի ո՛ր դրվագներն են արժանի մարմնավորման…