Թուրքական գործոնը թեման Արխիվ․ անկախացում շարքի հերթական թողարկմանը ներկայացնում է պատմաբան Միքայել Յալանուզյանը․
🔹Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ գաղափարական ի՞նչ հակասություններ ունեին իշխող ՀՀՇ-ն և ընդդիմադիր ՀՅԴ-ն։
🔹Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ պահանջատիրությունը նոր անկախացած Հայաստանի համար։
🔹Ի՞նչ բովանդակություն ուներ Ռաֆայել Իշխանյանի Թուրքական գործոնը հոդվածը։
🔹Ըստ Իշխանյանի՝ թուրքական գործոնը ո՞ր քաղաքական ուժերն էին շահարկում։
🔹Ի՞նչ մտահոգությունների տեղիք էր տվել Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր տնտեսական կապերի հաստատումը։
🔹Քաղաքագետներն ինչպե՞ս էին մեկնաբանում 1991 թ․ մարտին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի այցը Մոսկվա։
🔹Ինչո՞ւ Օզալի՝ Մոսկվա այցից մի քանի օր անց Երևանում նստացույցեր սկսեցին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդները։
🔹Ի՞նչ պահանջներ ունեին ՀՅԴ երիտասարդները, և ինչպե՞ս է Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքում 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հոդվածները քննարկելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու պահանջին։
🔹Ըստ ԱՄՆ բանակի նախկին գնդապետ Մուրադ Մուրադյանի՝ ինչո՞ւ էր կարևոր Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի հաստատումը։
Արխիվ․ անկախացում հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։