Նկարիչ Դավիթ Քոչունցի աշխատանքների թեմաները տարբեր են` սոցիալական խնդիրներ, հասարակության արատավոր երևույթներ, մեկուսացում, կյանքի անհոգ ու դաժան բևեռացումների հակադրություն և այլն։ Հատկապես սոցիալական տարբեր հարցեր բարձրաձայնելու ամենահարմար միջոցը նա համարում է կոմիքսային-էքսպրեսիոնիստական ոճը, որը հնարավոր է դարձնում խուսափել որոշակի գռեհկությունից կամ վիրավորական տարրերից։
Վերջին շրջանում Դավիթը առավելապես ժամանակակից գորգերի էսքիզներ է անում: Էսքիզները հիմնականում պատկերում են նրա հայրենի Սյունիքի քարանձավները։ Այդ էսքիզներից 9 հատն արդեն գործված կարպետներ ու գորգեր են։
Հայաստանում ավանդական արհեստները և ժամանակակից արվեստը մեծ մասամբ մեկուսացված են միմյանցից, նույնիսկ հաճախ մրցակցում են և հակադրվում։ Սակայն արհեստներն ու ժամանակակից արվեստը ոչ միայն հատման որոշակի կետեր ունեն, այլև կարող են գոյակցել միմյանց հետ։
Հաղորդումը նպատակ ունի ներկայացնել այս երկու ոլորտները համատեղող արվեստագետներին և նրանց փորձառությունը: