Play Video
#2 Երևանի փողոցներում | Սոնա Մնացականյան | Նորագավիթ

Սոնա Մնացականյանը լուսանկարել սկսել է 13 տարեկանից, երբ որոշեց ընտանեկան թվային ֆոտոխցիկով իր առաջին փորձերն անել։ Սկզբում լուսանկարելն իր համար խաղի էր նման, և իր աշխատանքները պատշաճ գնահատանքի չէին արժանանում։ Հետագայում, ավելի լավ խցիկ ունենալու փնտրտուքներով, Սոնան կանգ է առնում համեմատաբար մատչելի ժապավենային Զենիթի վրա․․․

Սոնայի խոսքերով` ժապավենով նկարելու հետաքրքրությունն այն է, որ տեխնիկապես ավելի բարդ է, և որ ունեցածդ կադրերը խիստ սահմանափակ են` 36 հատ, ինչը ենթադրում է ավելի զգոնություն և ավելի մեծ ուշադրություն։ Այդ ուշադրությունը և ունեցած կադրերին խնամքով վերաբերվելը հանգեցրին նրան, որ Սոնան որոշեց, որ պետք է հստակ ինչ-որ թեմաներով շարքեր նկարել։

Առաջին նման շարքը Բարեկամության անցումի տակի առևտրականների դիմանկարներն էին իրենց ապրանքների հետ։ Այս շարքը սկիզբ դրեց Սոնայի գործունեության նոր փուլի. նրա համար լուսանկարելը դարձավ մասնագիտություն։

Հետագայում սակայն Սոնա Մնացականյանը առավելապես խորացել է ոչ թե փողոցային լուսանկարչության մեջ, այլ ֆոտոպատումների, երբ լուսանկարչական շարքի հիմքում ընկած է որոշակի հետազոտություն, հստակ իմաստ և նպատակ։

2020 թվականին Սոնան նախաձեռնել է նկարել Նորագավիթ թաղամասի Սուսերամարտի դպրոցը, որը թաղամասի միակ սպրոտդպրոցն է առհասարակ։ Այդ է պատճառը նաև, որ Հայաստանի սուսերամարտիկների մեծ մասը այս թաղամասից են։ Ֆոտոշարքն իրականացվել է որոշակի դադարներով․ ներկայումս այն կարող եք գտնել Թբիլիսիի լուսանկարչական թանգարանի կայքում։

Բացի Թբիլիսիի լուսանկարչական թանգարանի հետ համագործակցությունից` Սոնան այլ հաջողություններ էլ ունի ոլորտում։ Նա աշխատել է նաև Չայխանայի հետ, որը տարածաշրջանային հարթակ է, և որի միջոցով իր լուսանկարները մեկօրյա ցուցադրության են մասնակցել Դանիայի Օրհուս քաղաքում։ Սոնան հետագայում թղթակցել է նաև հայկական 4plus վավերագրական լուսանկարչական կենտրոնին, որի կայքում նույնպես տեղ են գտել նրա որոշ լուսանկարներ, իսկ վանաձորյան երիտասարդների մասին պատմող ֆոտոշարքը ցուցադրվել է անգամ Փարիզում։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search