Play Video
Մեր թաղը #32 Գյումրի | Պարույր Զաքարյան

Հունական թաղամաս
Գյումրիի հունական թաղամասը ձևավորվել է 19-րդ դարասկզբին՝ Թուրքահայաստանից Արևելյան Հայաստան գաղթած հայերի հետ եկած հույն ընտանիքների համար։ Հույներն ավանդաբար հաշտ ու խաղաղ են ապրել հայերի հետ կողք կողքի, և այն ժամանակվա Ալեքսանդրապոլում նույնպես նրանք բեղուն գործունեություն էին ծավալում։ Այս թաղամասում են մեծացել հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը և այլք։ Հիմա հունական բնակչություն չկա, բայց պահպանվում են մի շարք վկայություններ և տներ, որոնք պատմում են հունական հետքի մասին։

Ձորի թաղ (Գեղցոնց մահլա)
Ձորի թաղը Գյումրու հայտնի թաղամասերից է և հիշատակված է նաև Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ում Ձորի բողազ անունով։ Հին ալեքսանդրապոլցիները այս թաղամասն անվանել են նաև «գեղցոնց մահլա», որովհետև 19-րդ դարասկզբի գաղթից հետո այդտեղ բնակեցվել են հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ։ Ալեքսանդրապոլ քաղաքի հնաբնակները այդքան էլ ջերմ չեն ընդունել գյուղական արմատներ ունեցող եկվորներին, և խտրականությունը հասել է այն աստիճանի, որ գյուղացիների համար առանձին եկեղեցի է կառուցվել, որ քաղաքացիները «ստիպված» չլինեն գյուղացիների հետ նույն եկեղեցին գնալ։

Սլաբոդկա
Ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ սկսվեց Ալեքսանդրապոլի ամրոցի կառուցումը, հսկայական թվով շինարարներ ու մասնագետներ Ռուսաստանից եկան, որպեսզի իրականացնեն շինարարությունը։ Հենց նրանք էլ հաստատվեցին այս թաղամասում և թաղամասն անվանեցին Սլաբոդկա։ Հետագայում իհարկե հայկական բնակչությունը սկսել է գերակշռել, բայց թաղամասի անվանումն այդպես էլ չի փոխվել։

«Մեր թաղը» հաղորդաշարի հերթական թողարկմանը թանգարանագետ Պարույր Զաքարյանը պատմում է Գյումրի քաղաքի այս երեք թաղամասերի և բնակիչների մասին հետաքրքիր տեղեկություններ՝ ներկայացնելով քաղաքի կոլորիտային բակերը և մարդկանց։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search