Գրիգոր Պըլտեանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Սովորել է տեղի Նշան Փալանճեան վարժարանում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ և ուսումը շարունակել այնտեղ։ Պըլտեանն ակտիվ մասնակցել է 1968 թվականի փարիզյան ըմբոստություններին և ընդվզումներին։
Նա թողել է գեղարվեստական, գրաքննադատական, փիլիսոփայական նշանակալի ժառանգություն։ Նրա գրական գործունեությունը զուգակցվել է փիլիսոփայականի հետ և տեսականը՝ գեղարվեստականի։ Ինչպե՞ս է աղետի փորձառությունը արտացոլվել Պըլտեանի ստեղծագործություններում, ի՞նչ կապ կա նրա գրական մտածողության և հետկառուցողապաշտության մեջ, ի՞նչ լեզվով էր մտածում և ստեղծագործում և ի՞նչ աշխարհում էր ապրում նա, այս և այլ հարցերի են անդրադառնում Կարէն Ջալլաթեանը, Րաֆֆի Աճէմեանը և Սիրանուշ Դվոյանը։
«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։